Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/122

Այս էջը հաստատված է

Տ. Միքիաս սիկարեթը վառեց և սկսավ մի առ մի կրկնել ինչ որ Անթառամ քիչ մը առաջ ըսած էր իրեն։

Տիկին Աննա անհագորեն կըմբոշխներ այդ գայթակղական պատմությունը, որուն առարկան իր բարեկամուհիներեն մին էր։

− Հիմա ինձ նայե,− ըսավ Տ. Միքիաս պատմությունը ավարտելով,− հայտնի է, որ այդ եղածեն ետքը ալ նշանտուքը այսօր վաղը պիտի խզվի, ուստի պետք է, որ անմիջապես Լևոնը մեր Հերմինեին ընենք։ Արդեն ես խոսեր եմ տիկին Անթառամին, ինք ամեն կերպով համամիտ է և վստահ եմ, որ մանչն ալ կրնանք համոզել, միայն թե Աբգար էֆենտին պետք է, որ քսակին բերանը բանա, առնվազն վեց յոթը հազար ոսկի օժիտ տա․․․

− Ինչ կըսես, Տեր հայր, այդչափ դրամ կտրվի՞, մեր մեջեն ո՞ր հարուստը իր աղջկան այդչափ օժիտ տված է։

− Բայց մեր մեջն ալ ե՞րբ մյուսյու Լևոնին պես փեսացու մը եղած է, ուսյալ երիտասարդ, գեղեցիկ և միանգամայն հիսուն-վաթսուն հազար ոսկիի տեր ու տարին քանի մը հազար ոսկի շահող։

− Այդ օժիտի խնդիրին ես չեմ կրնար խառնվիլ, հորը գիտնալիք բանն է։

− Ես կխոսիմ Աբգար էֆենտիին հետ և զինքը կհամոզեմ։

Եվ Տ. Միքիաս ոտքի ելավ ու մեկնեցավ ուրիշ տուն մը երթալու և օրվան մեծ դեպքը պատմելու համար։

Երկու օր ետքը ամբողջ Բերայի հայ ընտանիքներու խոսակցության նյութն էր Կելկիթյանենց նախատվիլը ու վռնտվիլը տիկին Անթառամի կողմե։ Սակայն խոսք-կապը ետ ղրկած չէին և այս բանը, թե Անթառամը և Տ. Միքիաս քահանան հավասարապես կկատղեցներ։

Նոր խորհրդակցությունն մը ետքը, քահանան և Անթառամ որոշեցին նամակով մը հայտարարել Ղուկաս էֆենտիի, որ նշանը ետ եղած էր։

− Դուն շնորհքով նամակ մը գրե և ես ընդօրինակեմ,− ըսավ Անթառամ։

− Ամենայն սիրով,− պատասխանեց Տ. Միքիաս և պանդոկի միջադեպը պատահելեն չորս օր ետքը, Ղուկաս էֆենտի, երբ իրիկունը տուն եկավ, իր հասցեին հետևյալ նամակը գտավ.

«Մեծապատիվ Ղուկաս էֆենտի Կելկիթյան,

Անցյալ օրվան ձեր տիկնոջ ու աղջկան այցելութենեն և