Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/128

Այս էջը հաստատված է

Ղուկաս էֆենտի թեթևացումի ու գոհունակության լայն շունչ մը աոավ։

− Էյ, ի՞նչ է, ի՞նչ կա եղեր նայինք, Հաճի Թումիկ աղան բարի, պապա մարդ մըն է, ի՞նչ կուզե տեսնանք…

− Այո, բարի, պապա մարդ մըն է Հաճի Թումիկ աղան, զոր դուք չարաչար խաբեր եք,− զոչեց Սերդիս։

− Ի՞նչ, խաբե՞ր եմ եղեր… ատ ի՞նչ խոսք է, երեք ոսկի մեյ մը տվի, երեք ոսկի ալ մեյ մը, ալ ի՞նչ կուզե, արդեն ինք երկու անգամն ալ շատ շնորհակալությամբ ընդունեց դրամները և երբեք քիչ ըլլալուն մասին դիտողություն չըրավ կամ դժգոհություն չհայտնեց… արդեն իրավունք ալ չուներ, որովհետև էվելոք իր հոգնությունը վճարեցի, ըրածը ի՞նչ էր որ…

− Այո, ըրածը բան մը չէր․․․ խեղճ որբևայրի անմեղ կին մը բարոյապես և գուցե ֆիզիկապես ալ սպաննել իր յոթը տարեկան աղջկանը հետ, այո, այդ ձեր ընել տվածը բան մը չէ… բայց խնդիրը այդ չէ, այդ մասին ապագային կխոսինք։ Դուք ըսածս սխալ հասկցաք, դրամի մասին չէ, որ խաբված կըզգաա ինքզինք Հաճի Թումիկ աղան, այլ այդ ամոթալի հանրագրությունը ստորագրել տալու համար ձեր հնարած սուտ զրպարտություններեն…

− Վա՞յ, էյ, եթե սուտ զրպարտություն էին նե՝ ինչո՞ւ համար այդչափ մահալլեցին թուղթը ստորագրեր են…

− Ամենքն ալ Հաճի Թումիկին խոսքին համոզվեր են, որ ինքն ալ ձեր խոսքերուն խաբվեր է։

− Վա՜յ, վա՜յ, վա՜յ,− գոչեց Ղուկաս էֆենտի հեգնաբար,− խեղճ միամիտ մարդիկ, ամենքն ալ իր խոսքին հավատալով ստորագրեր են հա՞… էյ, հիմա ի՞նչ ընելու է, որ պատիվս տեղը գա, քանի որ ձեր խոսքին նայելով՝ այդ գործին մեջ պատիվս կվտանգվի կոր…

− Ձեր ընելիքը շատ պարզ է,− պատասխանեց երիտասարդը, առանց անդրադառնալու Ղուկաս էֆենտիի խոսքերուն հեգնական շեշտին և զանոնք իբրև լուրջ ընդունելով։− Բերայի Թաղական Խորհրդի դիմումին և ձեր դիմումին վրա, ոստիկանները երեք օր պայմանաժամ տված են տիկին Սաթենիկի և պարոն Գարեգինի, տունեն ելլելու համար և եթե մինչև այդ պայմանաժամին լրանալը չելլեն, այն ատեն բռնի դուրս պիտի նետեն։

Ճանըմ, ինծի ի՞նչ, ատոնք իմ խառնվելիք բաներս չեն,– ընդմիջեց Ղուկաս էֆենտի։