Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/13

Այս էջը հաստատված է

շողոքորթ կդառնար իր հարուստ ծուխերուն հանդեպ և ասոր համար կսիրվեր ու կհարգվեր ամենեն, մանավանդ թե ինք, որ իր ձեռքին մեջ ուներ բոլոր ծանոթ ընտանիքները, շատ անգամ կհաջողեր անոնց մեջ խնամության կապեր հաստատելու։ Այս ծառայության լիակատար վարձը անշուշտ Տ. Միքիաս պիտի ստանար հանդերձյալ աշխահի մեջ, բայց այսուհանդեձ, սպասելով երկնային վարձատրության, հոս ալ, առհաշիվ, նյութական փոխարինություններ կստանար այս միջնորդությանց համար, որոնք բարդվելով իր ավագերեցի և տաներեցի եկամուտներուն վրա, բավական ճոխ ու հանգստավետ կյանք մը կապահովեին իրեն։

Ղուկաս էֆենտի Կելկիթյան իր հնավուրց ծուխերեն մեկն էր և հաճախ կճաշեր անոր տունը, ուր մտերմորեն կընդունվեր միշտ:

Իմանալով ձյունագնդակի դեպքը, մանավանդ այն վտանգը, որուն մազ մնացեր էր, որ ենթարկվեր Ղուկաս էֆ-ի աչքը, ինքն ալ սաստիկ սրտմտեցավ.

− Այս շունշանորդիներուն ձեռքեն չենք կրնար կոր ազատիլ,− գոչեց,− կուգան բակին մեջ կլցվին, խաղքություն չմնաց, որ չընեն… անցած կիրակի ալ տիկին Մամիկյանի շրջազգեստին վրա կոխեր են… քիչ մնացեր է պատռի… դեռ առաջին անգամն է, որ կհագնի եղեր… քսան ոսկինոց շրջազգեստ, «Մեյ մըն ալ ոտքս չպիտի դնեմ այդ ձեր ժամը», ըսավ, իրավունք ունի, ի՞նչ ըսեմ։

− Էֆենտիմ,− մեջ մտավ թաղական մը,− անկիրթ ազգ ենք վեսելամ, մեծի հարգանք ըսված բանը չունինք… Եվրոպայի մեջ ասանկ չէ, ազնվականները իրենց հատուկ եկեղեցին ունին՝ հոն կերթան, վարնոց մարդիկն ալ իրենց եկեղեցին… հոս չամաշրճի կնիկը, օրինակի համար, կուգա Ղուկաս էֆենտիի տիկնոջ քովը կկայնի… հեմեն-հեմեն պիտի ըսեմ, որ «ողջույն» ալ կուտա կառնե հետը…

− Շատ իրավունք ունիս.− հաստատեց Ղուկաս էֆենտի,− ճիշտ ատոր համար ժամ երթալու կքաշվիմ. որչափ վարնոց մարդիկ կան՝ քովս կշարվին… ինծի մնա նե՝ տեղերը բաժնելու է, էֆենտիմ, ուրիշ ճար չի կա. ծանոթ պատվավոր մարդոց համար զատ տեղ մը որոշելու է, մյուսներուն համար ալ զատ տեղ մը… պետք ըլլա նե՝ ասոր համար բացեն բան մըն ալ կվճարենք… շիտակը այսօրվան եղածեն արյունս գլուխս զարկավ, աղբար, մազ մնաց ձյունը աչքիս կուգար կոր… կտեսնաք սա բոզին զավակները։