Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/131

Այս էջը հաստատված է

Այս խորհրդածություններուն մեջն էր, երբ դուռը բացվեցավ, տիկին Թագուհի և Ռոզիկ ներս մտան։ Երկուքն ալ այլայլված կերպարանք մը ունեին, որ չվրիպեցավ Ղուկաս էֆենտիի աչքերեն։

− Ի՞նչ կա, ի՞նչ ունիք նորեն,− հարցուց մտատանջ ձայնով մը։

Տիկին Թագուհի, իր ամուսնույն պատասխանելն առաջ դեպի աղջիկը դարձավ և ըսավ.

− Հայտե, աղջիկս, սենյակդ գնա և հանգստացիր ու պարապ տեղը նորեն սիրտդ մի հատցներ, մանավանդ նորեն մի նստիր լար…

Ռոզիկ լռիկ մնջիկ հեռացավ։

− Հա, ի՞նչ եղավ նորեն, չըսե՞ս,− գոչեց Ղուկաս էֆենտի անհամբեր։

− Ի՞նչ պիտի ըլլա, սա քաշվելիք բան չէ,− սկսավ տիկին Թագուհի, թիկնաթոռի մը վրա իյնալով…− ինչ ընել ընելու է՝ աս խաղքության վերջ տալու է… ամեն բերնի ծամո՞ն պիտի ըլլանք…

− Հա կնիկ, եղածը պատմե,− գոչեց Ղուկաս էֆենտի, ձայնը ավելի բարձրացնելով։

− Օֆ, այնչափ հուզված եմ, որ խոսքիս թելը կկորսնցնեմ կոր,− շարունակեց Թագուհի,− իրիկվան դեմ Ռոզիկիս հետ դերձակուհիի գացեր էինք փորձի համար, անկե ելլելնուս քիչ մը Մարտիկ էֆենտիենց հանդիպինք՝ ըսինք, գացինք. ասկե անկե խոսք ըլլալե ետքը, տիկին Վերոնիկը ըսավ, որ «հանըմ, տիկին Թագուհի, ես ձեր անկեղծ բարեկամն եմ, սա ինչ խոսքեր կլսեմ կոր քանի մը օրե ի վեր ձեր մասին, սիրտս կտոր-կտոր կըլլա կոր, կաղաչեմ, շիտակը ըսեք․ ինչ է այդ անճոռնի խոսքերուն պատճառը»։

− Ի՞նչ խոսք է որ…

− Օրիորդ Ռոզիկին նշանը ետ եղեր է, տիկին Անթառամը ձեզի հետ կռիվ ըըեր է, իրարու առեր տվեր եք, ասոնցմե զատ ուրիշ առկոց առակ խոսքեր։

− Էյ, դո՞ւն ինչ պատասխանեցիր,− հարցուց Ղուկաս էֆենտի։

− Ի՞նչ ըսեմ, նախ ուրացա, անանկ բան չի կա ըսի, սակայն ետքը տեսա, որ բուն իսկ խոսքը Անթառամեն ելեր է, տեղն ու տեղոք ամեն բան գիտե կոր, օրովը, ժամովը… արդեն Վերոնիկ հանըմը ըսավ, որ ամենուն բերանն է եղեր, բոլոր տուներուն մեջ մեր վրա