Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/135

Այս էջը հաստատված է

կարդա սա նամակը, զոր երեկ իրիկուն տուն գալուս ստացա։

Եվ վաճառականը քահանային տվավ տիկին Անթառամի նամակը, զոր, ինչպես արդեն ընթերցողները գիտեն, նույնիսկ Տ. Միքիաս շարադրած էր։

Քահանան ուշի ուշով կարդաց, զարմացած դեմքով մը, հետո թուղթը վերադարձուց Ղուկաս էֆենտիի։

− Ի՞նչ կըսես ասոր,− հարցուց վաճառականը պիշ-պիշ Տ. Միքիասի երեսը նայելով։

Տիկին Անթառամի խորհրդատուն չպատասխանեց, միայն երկու ձեռքերը բանալով ու աչքերը դեպի վեր հառելով գոհացավ, այս ձևով անշուշտ իր զարմացումը հայտնելու համար։

− Հիմա, Տեր հայր,− շարունակեց Ղուկաս էֆենտի,− այս նամակը առնելուս պես հարկ համարեցի մեր տիկինին հետ գալ և մեկ քանի բացատրություններ ուզել տիկին Անթառամեն, նամակին մասին, որ բավական մութ է․․․ շատ գոհ եմ, որ դուն ալ դիպվածով եկար և մեր տեսակցությանը ներկա կգտնվիս կոր… նախ կուզեմ հասկնալ. թե ի՞նչ են մեր նյութական ու բարոյական վիճակին մասին առած շատ աննպաստ տեղեկությունները… միթե ատիկա հարցնելու իրավունք չունիմ։

Տ. Միքիաս գլխովը շատ տարտամորեն, հաստատական ձև մը ըրավ։

− Ուրեմն, տիկին,− ըսավ վաճառականը, դեպի Անթառամը դառնալով,− կխնդրեմ և միևնույն ատեն կպահանջեմ, որ մեր նյութականին ու բարոյականին մասին ինչ աննպաստ տեղեկություններ որ ունիք, մեզի հաղորդեք…

− Ես երկար բարակ բացատրություններ տալու պետք չունիմ,− պատասխանեց տիկին Անթառամ բորբոքած,− ես զավակս չեմ ուզեր կարգել ձեր աղջկան հետ, ուրիշ բան չեմ գիտեր… զարմանալի բան՝ բռնի կերպով աղջիկնիդ մեր գլո՞ւխը պիտի փաթթեք, ո՞ւր տեսնված է այս տեսակ խայտառակություն… ձեր աղջիկը չեմ ուզեր, չեմ ուզեր, չեմ ուզեր…

− Մեր աղջիկը հավնողը հավներ, ուզողը ուզեր է,− գոչեց Ղուկաս էֆենտի, ինքն ալ բորբոքած,− եթե մյուսյու Լևոնը չուզե, այն ատեն նշանը ետ կառնենք, բայց քու չուզելովդ նշանը ետ չըլլար… գալով բարոյականի, աղեկ կընես, որ այդ տեսակ խնդիրներու