Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/137

Այս էջը հաստատված է

կպատմե. «նշանը ետ ըրի, մայր ու աղջիկ վռնտեցի» և այլն կըսե․․․ այնպես որ այսօր ամբողջ Բերայի մեջ ամենուն բերանն ենք.– այս ամենուն վրա մեյ մըն ալ երեկ աս նամակը կառնեմ… դուն եղիր տե՝ դիմացիր տեսնեմ։

Ճանըմ, Ղուկաս էֆենտի, դուք խելացի, կատարյալ մարդ մըն եք,− պատասխանեց Տ. Միքիաս,− հետևաբար պետք է խոհեմությամբ շարժիք և խնդիրը քաղցրությամբ լմնցնեք…

Քահանան իր ճերմակ մորուքը շոյելե ետքը, կրկին խոսքը շարունակեց․

− Հիմա ես տիկին Անթառամին գրած նամակեն ու ձեր հոս քիչ մը առաջ արտասանած խոսքերեն սա կհետևցնեմ կոր, որ դժբախտաբար մյուսյու Լևոնի և մեր սիրելի Ռոզիկի միությունը, արդի պայմաններուն մեջ անկարելի կդառնա, և եթե երկու կողմեն ալ նշանը խզելու տրամադրություն կա, քանզի այդ բանը բացահայտ կերպով կտեսնվի, թե՝ տիկին Անթառամի ձեզ ուղղած նամակեն և ձեր քիչ մը առաջ տիկնոջ հասցեին ուղղած նախատինքներեն, որովհետև եթե խզումը որոշած չըլլայիք, բնականաբար այդ խոսքերը չպիտի արտասանեիք․․․

− Բայց․․․ − բողոքեց Ղուկաս էֆենտի։

− Ներեցեք,− ըսավ Տ. Միքիաս,− թող տվեք, որ խոսքս լմնցնեմ և հետո եթե դիտողություն մը ունիք, կընեք։

− Շարունակե, շարունակն,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ իր բոլոր պաղարյունությունը գտած էր։

− Արդ, քանի որ երկու կողմե ալ խոսք-կապը խզելու դիտավորություն կա, փոխանակ կռիվներ հարուցանելու, անօգուտ բանավեճերու տեղի տալու և թաղին մեջ խոսքի առարկա դառնալու, լավագույն է սուսիկ փուսիկ գործը մեջերնիդ լմնցնել… այդպես չէ՞, տիկին Անթառամ։

− Հարկավ, իմ փափաքս ալ ան է, գործը խաղաղությամբ վերջացնել… քանի որ խսմեթ չէ եղեր, ետ կընենք կլմնցնենք,− ըսավ Տիկին Անթառամ, որ շատ գոհ մնացած էր Տ․ Միքիաս քահանայի միջամտութենեն։

− Ես ալ արդեն գործը խաղաղությամբ լմնցնելու համար ելա եկա,– պատասխանեց Ղուկաս էֆենտի։

− Տեսա՞ք մի,– գոչեց քահանան ուրախությամբ,− ուրեմն ամեն բան կարգին է։