Ավագերեցը զգաց, որ այս խոսքերուն և դիտողություններուն գործնական գոհացում մը տալու էր. ուստի խոսքը բանկալը կեցող երիտասարդ պաշտոնյայի մը ուղղելով.
— Սա ժամկոչ օլաճախը հոս ղրկե,— պոռաց:
Քիչ մը ետքը ծերուկ ժամկոչը ներկայացավ, վեհերոտ կերպարանքով մը։ Կնախզգար, որ փոթորիկը բոլորովին չէր անցած տակավին և կվախնար, որ ի վերջո իր գլուխը պիտի պայթեր ան:
— Ինծի նայե,— պոռաց Տ. Միքիաս քահանա,— ասկե ետքը չըլլա որ դպրոցի տղաքներուն թող տաս ժամը մտնելու, տիրացուներեն զատ մարդ ներս չառնես։ Անոնք ալ գործերնին լմնցնելուն պես թող տեֆ ըլլան երթան, եթե մեյ մըն ալ բակը տղա տեսնեմ՝ նայե ինչ կընեմ:
— Շատ աղեկ, գլխուս վրա, տեր հայր,— ըսավ ժամկոչը և խոնարհություն մը ընելով, դուրս սպրդեցավ, այսքան աժան կերպով օձիքը ազատելեն ուրախ:
Խորհրդարանին մեջ խոսակցությունը կրկին շարունակվեցավ այս անգամ, այլ լոկ ակադեմիական հանդարտությամբ մը։
Այն թաղականը, որ Եվրոպայի եկեղեցիները իբրև օրինակ հիշած էր, իր դիտողությունները աոաջ տարավ, ըսավ թե շատ կարելի էր Ս. Երրորդության եկեղեցին միմիայն բարձր դասի ընտանիքներու հատկացունել, նստարաններուն վրա որոշ գիներ դնելով։
— Եվրոպայի մեջ ասանկ կընեն,— պնդեց նորեն,— գացեք Փարիզ, Մատլեն եկեղեցին և պիտի տեսնեք, որ բոլոր ազնվականները իրենց որոշյալ տեղերը ունին, ուր իրենց տեղը ուրիշ մարդ չկրնար նստիլ, իսկ հասարակ մարդիկ դուրսը՝ գավիթը կկենան։
Այս իրենց հատուկ մասնավոր եկեղեցի մը ունենալու գաղափարը շատ հաճո թվեցավ Ղուկաս էֆենտիի, որ անմիջապես ավելցուց.
— Եթե ասանկ կարգադրություն մը ընեք, հավատացեք, ես գրպանես տարին տասը ոսկի կուտամ, միայն թե այն պայմանով, որ դռանը առջև մեկը նստի և աժեմ շաժեմ մարդոց արգիլե ներս մտնալը։
Ավագերեցը ինքն ալ համամիտ գտնվեցավ այս կարգադրության։ Ինքն ալ ազնվական ըլլալու հավակնություններ ուներ, Կ. Պոլսո մոտակա փոքրիկ գյուղի մը հինավուրց մեկ ընտանիքի