Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/142

Այս էջը հաստատված է

կառախումբին հասնելու կես ժամ կար, ուստի գացին սպասման սրահը, ուր հեռվեն նշմարեցին տիկին Անթառամը, որ վառարանին մոտերը, նստարանի մը վրա, խոր մտածումներու մեջ ընկղմված կթվեր։

− Կերևա որ Լևոն իրեն ալ իմացուցեր է գալը,− ըսավ Ղուկաս էֆենտի իր աղջկան։

Հետո, պահ մը կանգ առնելով՝

− Ի՞նչ պիտի ընենք հիմա, քովը երթա՞նք, թե հեռու փախչինք,− հարցուց Ռոզիկի։

Աղջիկը, որ արդեն իր ապագա կեսուրը տեսնելով դող ելած էր, չպատասխանեց։

Բայց Ղուկաս էֆենտի, որ ամեն դժվարին կացություններու հանդեպ գործի մարդու կտրուկ որոշողությունը ուներ, վճռեց։

− Պետք է որ քովը երթանք, լավագույնը ան է։

Եվ վստահ քայլերով հառաջացան դեպի այն նստարանը, որուն վրա բազմած էր Լևոնին մայրը։

− Բարև, տիկին Անթառամ,− ըսավ Ղուկաս էֆենտի, քովը մոտենալով,− կերևա, որ մյուսյու Լևոնը ձեզ ալ իմացուցեր է իր գալուստը…

Տիկին Անթառամ գլուխը վեր վերցուց, դաժան նայվածք մը արձակեց իր խոսակցին երեսին և ըսավ.

− Այո, երեկ նամակ առի։

Ռոզիկ ևս մոտեցեք էր իր ապագա կեսուրոջ և կուզեր ձեռքը համբուրել, մինչ Անթառամ ետ կքաշեր զայն։

Ղուկաս էֆենտի ուզեց անպատճառ սուրճ մը հրամցնել տիկին Անթառամի, մինչ ինք իրեն համար կոնյաք մը կապսպրեր պյուֆեի ծառային։ Տիկին Կոկիկյան թեև քանիցս մերժեց սուրճը, բայց Ղուկաս էֆենտիի ստիպումներուն վրա տեղի տվավ։

− Մյուսյու Լևոնը,− ըսավ վաճառականը,− աղջկաս գրած նամակին մեջ կըսե, որ գալ շաբթու հարսնիքը ընենք լմնցնենք, որովհետև իր գործերը չեն ներեր եղեր, որ ավելի երկար ատեն հեռու մնա Փարիզեն։ Արդյոք այս մասին ձեզի ալ բան մը գրա՞ծ է։

− Չէ, բան մը չէ գրած,− պատասխանեց Անթառամ, որ հայտնապես նեղություն կզգար այս դժնդակ խոսակցությունեն։

Բայց Ղուկաս էֆենտի կարևորություն չտվավ տիկին Անթառամի բռնած ընթացքին, որ միավանկ բառերով կպատասխաներ