Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/148

Այս էջը հաստատված է

Այս տասնհինգօրյա առանձնության հեռապատկերը երջանկությամբ կլեցներ Ռոզիկի սիրտը։ Տեղի ունեցած միջադեպերեն ետքը, առաջին վայրկյանեն տիկին Անթառամի հետ ըլլալու հավանականությունը պարզապես սոսկում կազդեր իրեն և ասոր համար, երբոր Լևոն իր դիտավորությունը կրկնեց, անհուն շնորհակալության նայվածք մը ազդեց երիտասարդին։

Լևոն հանկարծ խոսքը փոխեց.

− Հիմա որոշենք, որ վաղը՝ կիրակի՝ ինչ պիտի ընենք։

− Նախ, բնականաբար, մեզի պիտի գաս ճաշի, այնպես չէ՞– հարցուց Ռոզիկ։

− Տես իմ ծրագիրս,− պատասխանեց երիտասարդը։− Առտուն ձեզի կուգամ՝ տիկին Թագուհիին հարգանքներս մատուցանելու համար, հետո քեզի հետ դուրս կելլենք և… ո՞ւր կարելի է երթալ։

− Վաղը տոն է, հետևաբար լավագույն է, որ միասին եկեղեցի երթանք,− ըսավ Ղուկաս էֆենտի։

− Օ, եկեղեցին նշանածներու տեղը չէ,− պատասխանեց երիտասարդը ժպտելով,− ես կնախընտրեմ դեպի Շիշլի կառքով պտույտ մը։

− Ես ալ անանկ,− երկրորդեց Ռոզիկ։

Բայց վաճառականը իրեն հատուկ խորհուրդը ուներ։

− Չէ,− պնդեց նորեն,− հարկ է, որ անպատճառ միասին Երրորդություն երթանք, ասիկա գրեթե պարտավորիչ բան մըն է։

− Ինչո՞ւ համար,− հարցուց երիտասարդը ժպտելով։

− Որովհետև այս օրերս, ձեր տիկին մոր հարուցած խնդիրներուն և հոս ու հոն ըրած խոսքերուն պատճաոավ. կարգ մը անտեղի տարաձայնություններ կան Բերայի ընտանիքներուն մեջ, ինչ որ՝ թե մեր և թե ձեր անունին պատիվ չեն բերեք, նույնիսկ լուր տարածված է, որ աղջկանս և քու նշանտուքը ետ եղած է և այլն։ Բոլոր այս անտեղի խոսքերուն վերջ տալու միակ միջոցն է ձեր երկուքին թև թևի եկեղեցի երթալը։ Մեյ մը որ ձեզ միասին տեսնեն հոն, ալ ամեն բամբասանք վերջ կգտնե ու մենք ալ կազատինք, դուք ալ։

− Եթե խնդիրը այդպես է, ամենայն տիրով կընդունիմ ձեր առաջարկությունը։ Ուրեմն, այսպես, վաղը առտու նախ ձեզի կուգամ,