Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/150

Այս էջը հաստատված է

Տիկին Անթառամ զավկին այս խոսքերեն շփոթվեցավ։ Իրավամբ որոշ ու հայտնի ամբաստանություն մը չէր գտներ ընելիք Կելկիթյաններու դեմ։ Անոնց դեմ, կամ մանավանդ Ռոզիկի դեմ իր հակառակությունը ծնունդ առած էր նախանձի զգացումե մը։ Տիկին Անթառամ այնպես կմտածեր, թե Ռոզիկի հետ իր զավակը ամուսնանալն հետո ինք բոլորովին պիտի լքվեր, երեսի վրա թողվեր, քանի որ զավակը այնքան բուռն կերպով սիրահարած էր այդ աղջկան։ Եվ այս հեռապատկերն էր, որ զինքը դրդեր էը ամեն արգելք ըլլալու այս ամուսնության։ Ու երբ Տ. Միքիաս ալ եկեր, իրեն միացեր էր նույն նպատակով, Տիկին Անթառամ անոր խոսքերուն անմիջապես հավատացեր էր, քանի որ քահանային ըրած ամբաստանությունները իբրև զենք պիտի ծառայեին, իր նպատակին հասնելու համար։ Հետո, իր և Կելկիթյաններու միջև տեղի ունեցած միջադեպերը բոլորովին ատելի դարձուցած էին զանոնք իր աչքին ու հիմակ անհաղթելի ատելություն մը կզգար, թե Ղուկաս էֆենտիի և թե անոր աղջկանը դեմ։ Բայց բոլոր ասոնք չէին կրնար որոշ ամբաստանություն մը ներկայացնել։

Եվ սակայն տիկին Անթառամ չէր ուզեր տեղի տալ և լսելով հանդերձ, կպատրաստվեր կռվի։

− Խոսե տեսնենք,− ըսավ Լևոն անհամբեր,− ի՞նչ պատճառավ կուզես այս ամուսնությունը խզել։

− Ո՞ր մեկը ըսեմ,− պատասխանեց վերջապես Անթառամ,– ականջդ հոս ըլլար և լսեիր այդ մարդոց վրա ըսված խաղքությունները․․․

− Ատոնք պարապ խոսքեր են, մայրիկ,− ըսավ Լևոն սրտնեղած,− քեզի ըսի, որ անորոշ խոսքեր մտիկ չեմ կրնար ընել…

− Նախ սա ըսեմ, որ այդ Ղուկաս էֆենտի ըսվածը կործանած մեկն է եղեր։

− Ո՞ւրկե իմացար,− գոչեց Լևոն։

− Տ. Միքիաս քահանան, իրենց տաներեցը ըսավ…

− Հետո՞։

− Հետո, ամո՞թ չէ քեզի, որ երեք հազար ոսկի օժիտով աղջիկ առնես, մինչ տասը հազար ոսկի օժիտ տալու պատրաստ ընտանիքներ կան, և ինչ ալ աղջիկներ։

− Ես դրամի համար չէ որ կամուսնանամ կոր, ես այդ աղջկան սիրահարված եմ, և եթե տասը փարա օժիտ չտա հայրը,