Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/151

Այս էջը հաստատված է

կրկին պիտի առնեմ,− պատասխանեց երիտասարդը վճռաբար, որ գոհունակությամբ կտեսներ, թե մայրը ոևէ լուրջ առարկություն չէր գտնար ընելիք այս ամուսնության դեմ։

- Ասոնցմե զատ.− ըսավ տիկին Անթառամ,− դեռ ուրիշ ծանր բաներ լսեցի, այդ Ղուկաս էֆենտին շատ անբարոյական մարդ է եղեր։

- Ի՞նչ ըրած է տեսնենք…

- Իրավ, որ բերանս առաջ չերթար կոր ըսելու համար… ինծի նայե, զավակս, եթե կուզես, դուն մեյ մը Տ. Միքիաս քահանան խոսել տուր և անկե ետքը, դուն գիտես, ուզածիդ պես ըրե, միայն թե գիտցած ըլլաս, որ այս ամուսնությունը ընելեդ ետքը, այլևս այդ աղջկան հետ մեկ տունի մեջ չեմ կրնար նստիլ…

Եվ տիկին Անթառամ հուզված, սիրտը ելած, սկսավ արտասվել։

Տղան ջանաց քիչ մը հանդարտեցնել զինքը և կարճ կապելու համար ըսավ․

− Լավ, մեյ մը Տ. Միքիասի հետ կտեսնվիմ, տեսնենք ան ինչ կըսե։

Հետո, ժամացույցը նայելով գոչեց.

− Օ, ուշ մնացեր եմ, պետք է որ երթամ տիկին Թագուհիին ալ այցելություն մը տամ և հավանորեն ցերեկվան կերակուրի ալ հոն կմնամ, ուստի դուն ինծի մի սպասեր…

- Ե՞րբ պիտի տեսնաս Տ. Միքիասը,− հարցուց Անթառամ։

− Այսօր անկարելի է, բայց գուցե վաղը կտեսնամ։

− Ավելի աղեկ։

Եվ երիտասարդը սենյակեն դուրս ելավ զոհ ու զվարթ տրամադրության մը տակ։ Խեղճը կվախենար, որ մայրը ծանր հայտնություններ պիտի ըներ, բայց հիմա հասկըցավ, թե ամբողջ խնդիրը չնչին միջադեպերու և անհիմն բամբասանքներու շուրջը կըդառնար։

Զավկին մեկնելեն ետքը, տիկին Անթառամ որոշեց եկեղեցի երթալ, ոչ այնքան աղոթելու, այլ մանավանդ Տ. Միքիաս հայրը տեսնելու և հետը խորհրդակցելու համար։

Միևնույն ատեն կուզեր անոր պատվիրել, որ հետևյալ առտու իրենց գար, անպատճառ, որովհետև ստած էր, երբոր Լևոնի ըսած էր, թե քահանան հետևյալ օրը իրենց պիտի այցելեր։