Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/157

Այս էջը հաստատված է

բժիշկը անմիջապես բերել տա, հրահանգ տվավ, որ դեղերը ձրիաբար շինվին և այլն։

Ղուկաս էֆենտի իր ամբողջ այցելության միջոցին աչքերը չէր հեռացներ մանկամարդ աղջկան վրայեն, որ աթոռի մը վրա նստած, գլխահակ ու ամչկոտ, ձեռագործ մը կբաներ արագ-արագ։

− Ի՜նչ հրաշալի գույն, ի՜նչ թարմության, ի՜նչ անբիծ գեղեցկություն, կխորհեր ինքնիրեն, ամբողջ մարմնովը գերագրգռված։

Երբ ոտքի ելավ մեկնելու համար, աղջիկն ալ թողուց ձեռագործը և եկավ դռան քով, բարձրաստիճան հյուրերը սանդուխքին գլուխը առաջնորդելու։

Դռան մեջ, Ղուկաս էֆենտի աղջկան ձեռքը իր ձեռքին մեջ պահելով ու սեղմելով, ըսավ.

− Աղջիկս, քու մասիդ շատ նպաստավոր տեղեկություններ առի Միքայել աղայեն, և վստահ եղիր, որ պիտի ջանամ քեզի գործ հայթայթել և ձեռքես եկած պաշտպանությունն ու օգնությունը չխնայել։

Եվ գրպանեն ոսկի մը հանելով, դրավ Շուշանիկի ձեռքը։

− Մայրդ աղեկ նայե,− պատվիրելով։

Աղջիկը ամչկոտ ու շիկնած.

− Շնորակալ եմ, էֆենտի,− կմրմնջեր, մինչ երկու պառավները օրհնենքները կտեղացնեին իրենց անկյուններեն։

Այս տեսակցությունը սակայն բոլորովին գրգռած էր Ղուկաս էֆենտիի ցանկասեր կիրքերը և ամբողջ օրը երևակայությունը հեշտամոլ տեսիլներով բորբոքեցավ։

Տիրող սևեռուն գաղափար մը եղած էր Շուշանիկի անվրիպելի անկումը։

− Մեկ օրեն մյուսը իր այդ գեղեցկությամբը, հետին թշվառության հետևանքով, այդ աղջիկը գլխե պիտի ելլե, և ով գիտե, որ խաբեբային զոհ երթալով… լավագույն չէ՞, որ ես վայլեմ զինքը, գոնե նյութապես շահ մը կունենա…

Եվ իր այս տրամաբանությամբը, իր մտադրած գարշելի ծրագիրը տեսակ մը բարերարություն կթվեր իրեն, աղեկ գործ մը, որմե իր խիղճը չպիտի տառապեր երբեք։ Հավանական խաբեբա հրապուրիչին ձեռքեն պիտի փրկեր միամիտ աղջիկ մը և եթե անոր կուսությունը առներ, գոնե ի փոխարեն հնչուն դրամ պիտի վճարեր։