Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/159

Այս էջը հաստատված է

վճարեր և նույնիսկ, կարը փորձելու համար, իր աչքին առջև պիտի աշխատցներ մեկ երկու ժամ. վերջապես ինքզինքը պիտի ներկայացներ իբրև հարուստ ու պատվավոր այրի մը, որ կուզե օգնել իրենց ձեոագործովը ապրող պարկեշտ ու աղքատիկ աղջիկներու։

Այդ միջոցին Ղուկաս էֆենտի այցելության եկած պիտի ըլլար իրեն պատահմամբ։

− Անկե ետքը ընելիքնիս կկարգադրենք,− ըսավ վաճառականը,− միայն թե չըլլա, որ իմ գալես առաջ աղջիկը ձեոքե փախցնես։

Վառվառ, որ խնդիրը հասկցած էր, պատասխանեց.

− Այդ մասին հոգ մի ըներ… միայն թե, Ղուկաս էֆենտի, աղջիկը կո՞ւյս է։

− Կույս է եղեր կամ չէ եղեր, մտմտալիք բան մը չէ… մինակ գլխին աղջիկ մըն է, միայն պառավ մայր մը ունի։

− Աման էֆենտիս, ետքը գլուխնիս չցավի։

− Ես անանկ չյուրյուկ տալի վրա չեմ կոխեր, Վառվառ հանըմ,− ըսավ Ղուկաս էֆենտի,− դուն բնավ հոգ մի ըներ, եթե վտանգավոր գործ մը ըլլար նե՝ մեջ կմտնայի՞… աղջկան խըթլը՞խը կա։

− Զեզի բան չըլլար, ինչ ըլլա նե՝ մեզի կըլլա,− պատասխանեց Վառվառ, փորձառու կնոջ մը խոհեմությամբ,− դուք հարուստ պատվավոր մարդիկ եք, ինտոր ըլլա նե կազատիք. ամա մենք ոտքի տակ կերթանք…

− Երկար մ՚ըներ, Վառվառ հանըմ, դուն ինծի վստահ եղիր, քեզի ինչ կըսեմ կոր, աղջիկը մարդ մարդասանք չունի… ես ամեն բանը մտածեր եմ։

− Աղեկ ամա, ասանկ պելալը գործի մը համար գոնե ձեռքս շնորհքով բան մը պիտի անցնի՞…

− Հա, իշտե, ատ ըսե,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ գիտեր, թե կնոջ հայտնած բոլոր երկյուղները շինծու էին և թե միայն ստանալիք վարձքին քանակությունը ավելցնելու համար մեջտեղ կդրվեին։

Հետո, վճռաբար ըսավ.

− Քեզիի կարճ խոսք մը ըսե՞մ, գիտես ա, ես ատանկ բաներու մեջ սակարկություն չեմ սիրեր… հիմա հինգ ոսկի կուտամ քեզի, ու գալ անգամ աղջիկը հոս գտնելուս, քսան ոսկի ալ այն ատեն կհամրեմ… գործիդ կուգա՞, այո՛ կամ ո՛չ։