մեջ առնված, սրահին ամենեն աչքառու զարդերը կկազմեին։ Մին կներկայացներ Ղուկաս էֆ. Կելկիթյանը,− խնկարկվելու սպասող պատկառազդու պուտտայի մը անշարժ վեհափառությամբ մը, մյուսը՝ տիկին Կելկիթյանն էր, գիրուկ, կարմրերես հայու կին մը, պաշտոնական ժպիտ մը դեմքին վրա, ձեռքը հողմահար մը բռնած, մինչ մատներուն, ականջներուն, դաստակներուն, վզին վրա ու մազերուն մեջ կերևային մատնիներ, օղեր, ապարանջաններ, գայռեր, գնդասեղներ, ադամանդե, սուտակե, զմրուխտե և հակինթե։ Գոհարավաճառի ցուցափեղկ մը վերջապես։ Այդ երկու պատկերները, դեմ դիմաց առտըվնե մինչև իրիկուն, իրարու վրա հիանալու, իրարմով կշտանալու երևույթ մը ունեին։
Երբ Ղուկաս էֆենտի ներս մտավ, երիտասարդ կին մը, հազիվ երեսունհինգ տարեկան, թուխ դեմքով ու վառվռուն աչքերով, սրահին վարագույրները շտկրտելու վրա էր։ Գիրուկ, մարմնեղ կին մըն էր, որու կարկառուն կուրծքը թաքուն հրապույրներ ծածկելու երևույթը ուներ։
− Ո՞ւր են,− հարցուց Ղուկաս էֆենտի, խոսքը կնոջ ուղղելով, որ այդ անորոշ հարցումին իմաստը ըմբռնելով պատասխանեց.
− Վերը կհագվին կոր։
Ղուկաս էֆենտի մոտեցած էր կրակին ու ձեռքերը վառարանին մարմարին վրա դրած, կտաքնար, ակնարկովը հետևելով կնոջ, որ անընդհատ կերթևեկեր սենյակին մեջ, լուցկիի ամանները, մոխրամանները և աթոռները կարգի դնելով։ Այս կինը Ղուկաս էֆենտիի քենին էր, որ քանի մը օրե ի վեր հյուր եկած էր իրենց՝ փոքրիկ աղջկան հետ։ Տիկին Երանիկ Ամիսյան իր քրոջ բախտը չէր ունեցած և չէր կրցած ամուսնանալ Ղուկաս էֆենտիի պես հարուստ ու ճարպիկ վաճառականի մը հետ, թեև իր քրոջմեն ավելի երիտասարդ ու գեղեցիկ էր էրիկը միջնակարգ վաճառական մը, իր ամուսնութենեն ետքը, հետզհետե ձախողանքներու հանդիպեր և վերջապես սնանկացեր էր, հետո պզտիկ դրամագլխով մը և Ղուկաս էֆենտիի հովանավորության տակ կրկին գործի ձեռնարկեր էր և շատ համեստ կյանք մը կվարեր Կետիկ փաշա քաշված։
Կինը հաճախ կուգար իր քրոջը տունը հյուր ըլլալու, գոնե քանի մը օր անոր պերճանքին մեջ մոռանալու համար իր գետնաքարշ կյանքը, բայց էրիկը կնախընտրեր իր տունը մնալ, չուզելով