էֆենտիին կողմն կառաջարկեմ կոր, այն ատեն մայրը ստիպեց, որ անպատճառ գա ու ինքն ալ հավանեցավ։
Նույն իրիկուն ալ բավական երկար ատեն մնացին գարեջրատան մեջ և վաճառականը լավ մը խմցուց իր նոր բարեկամին, որ արդեն խմելու մասին դժվարահաճություն չէր հայտներ, երբոր առիթը ներկայանար և երբ, մանավանդ, ուրիշներ էին վճարողները։
Հետևյալ օրը, երեքշաբթի, Ղուկաս էֆենտի շատ կանուխ ելավ։ Ամբողջ գիշերը գրեթե չէր քնացած, Շուշանիկի մտածումովը գերագրգռված. քանի կմոտենար ցանկալի ժամը՝ այնքան կբորբոքեր իր անասնական հեշաամոլ կիրքը, և քունը անընդհատ կկոտտար մանկատի աղջկան մտածումովը։ Խղճահարական ամեն ձայն լռած էր իր մեջ ու միայն զգայական մոլեգնությունն էր, որ կտիրեր իր ամբողջ էության։
Շուտով մը հագվեցավ ու դուրս ելավ, բաց օդին մեջ ջիղերը հանդարտեցնելու համար։ Բավական ժամանակ քալեց, հետո գնաց սուրճ մը խմելու, փորձեց առտվան թերթերը կարդալ, սակայն անկարելի եղավ, միտքը միակ մտածումով մը լարված ըլլալով։
Վերջապես որոշեց գրասենյակ երթալ, օրվան գործերը կարգադրել, պետք եղած հրահանգները տալ։ Պաշտոնյաները չէին եկած տակավին, որովհետև էֆենտին երբեք կանուխ չէր գտնվեր իր գործին գլուխը։ Ուրիշ օր գուցե պիտի բարկանար, կրակ կտրեր իր պաշտոնյաներուն այս ծուլությանը համար, սակայն այս վայրկյանին այնքան հեշտալի տրամադրության մը մեջ էր, որ բնավ դիտողություն չըրավ։ Ընդհակառակը՝ երբ որ ավագ գրագիրը եկավ, սիրալիր ընդունելություն մը ըրավ անոր, նույնիսկ հետը կատակաբանեց.
− Գիշերը հովարտայության գացիր, ի՞նչ ըրիր, որ ասանկ ուշ մնացեր ես,− ըսավ ժպտելով։
Պաշտոնյան շվարած՝ էֆենտին այդ ժամուն հոն գտնալեն, չէր գիտեր ինչ պատասխանելը։
− Հանցանքը իմս է, որ այս առտու կանուխ եկա,− ըսավ Ղուկաս էֆենտի միշտ ժպտերես…− արդեն այսօր մեծ գործ մը չի կա կարծեմ…
− Չէ,− փութաց պատասխանել պաշտոնյան։
− Ինչ որ է, մեզի մեյ մեկ սուրճ ապսպրե, որովհետև ես կեսօրեն առաջ պիտի երթամ և հավանորեն ալ չեմ ի գար։