Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/167

Այս էջը հաստատված է

կուտ մը արժեք չունին, բարոյական ունենալու է, էֆենտիմ, բարոյական…

Ղուկաս էֆենտի անմիջապես ժամացույցին նայեցավ, կեսօրին կես ժամ կար։

Անմիջապես ոտքի ելավ.

− Կներեք, էֆենտիս, ժամադրություն ունիմ, ուշ մնացի, վաղը կրկին հրամմեցեք ու այդ գործին համար երկարորեն տեսակցինք։

Ու Ղուկաս էֆենտի փութաց դուրս ելլելու, իրեն հետ քաշել տանելով բարեկամը։

Փողոցը անմիջապես կառք մը ցատկեց և գոչեց․

− Պեյ օղլու, Պոն Մարշե։

Կեսօրին մոտ, Ղուկաս էֆենտի Պոն Մարշեի առջև կառքեն իջավ և արագ քայլերով ուղղվեցավ Վառվառի տունը։

− Արդյոք եկա՞ծ է աղջիկը,− կմտածեր սրտատրոփ։

Վերջապես դռան առջև հասնելու զանգակը հնչեցուց։

Պառավ կին մը, Վառվառի սպասուհին ու միանգամայն խորհրդականը, եկավ դուռը բանալու։

− Ո՞վ կա վերը,− հարցուց վաճառականը, որուն ձայնը հուզումեն կդողար։

− Աղջիկը հոս է,− պատասխանեց պառավը կամաց ձայնով մը։

− Ո՞ր սենյակն է։

− Վերը, սալոնը, կար կկարե կոր…

− Վառվառ հանըմը վար կանչե,− ըսավ Ղուկաս էֆենտի, գետնահարկը գտնված մութ սենյակ մը երթալով։

Երկու վայրկյան ետքը տանտիրուհին եկավ վաճառականին քով։

− Այս ի՜նչ լուսնկայի պես աղջիկ է,− եղավ իր առաջին խոսքը,− ի՜նչ աչքեր, ի՜նչ գույն, ի՜նչ մազեր… իրավցնե փռլանթի մը…

− Շատո՞նց է հոս է։

− Ժամ մը եղավ…

− Հետը եկող մարդը հո՞ս է…

− Չէ, անիկա ճամփու դրի, ըսի որ աճելե՛ կար մը ունիմ, մինչև իրիկուն աղջիկը վար պիտի դնեմ, թող իրիկվան դեմ գա առնե… ասիկա իրեն ալ գործին եկավ, ելավ գնաց… բայց կարծեմ ալ գալու միտք չունի։