ներկայությամբը իր և Ղուկաս էֆենտիի միջև անհաճո բաղդատության եզր մը ընծայել կնոջ: Եվ իր այս մեկուսացումը հաճելի էր ամենուն, որովհետև այդ չաջողած ազգականը տեսակ մը կենդանի նախատինք համարված էր ընտանիքին մեջ։
− Ո՞ւր տեղեն ալ դեմդ ելավ այդ ուղուրսուզը,− կըսեր Ղուկաս էֆենտի ամեն անգամ, որ քենեկալին խոսքը կբացվեր։
Երանիկ կշարունակեր սրահին մեջ իր երթևեկը, մինչ Ղուկաս էֆենտի վառարանին քովեն անոր ուղղած կպահեր իր ակնարկը, որ հետզհետե հայրատ, վավաշոտ կդառնար. իր խոշոր, լայն շրթունքները անորոշապես կսարսռային, քունքին երակները կկոտտային։
− Ասոր աչքիս բեք աղվոր կերևաս կոր,− ըսավ հանկարծ, դեպի կնոջ կողմը քայլ մը առնելով։
− Աման, նորեն մի սկսիր, ատենը չէ,− ըսավ մյուսը, թեթև հանդիմանական շեշտով մը։
Բայց արդեն Ղուկաս էֆենտի մոտեցած էր իրեն, լայն թևերով սեղմած էր զայն կուրծքին վրա, առանց ուշադրություն ընելու անոր ընդդիմության և գրկախառնումեն խուսափելու ճիգերուն, թաց-թաց ու կատաղորեն կհամբուրեր շրթունքները։
− Ոտքի ձայն կա, հիմա քույրս վրա կհասնի,− մրմնջեց Երանիկ, վերջապես ազատելով ինքզինքը անոր թևերուն մեջեն։
Իրավցնե դուրսը ոտքի ձայն մը կլսվեր։ Երանիկ իսկույն վազեց վառարանին քով, դռնակը բացավ և վառող փայտերը սկսավ ունելիով շտկել, շփոթությունը ծածկելու և ինքզինքին գործի վրա երևույթ մը տալու համար։
Ճիշտ ատենն էր:
Դուռը հանկարծ բացվեցավ և տիկին Թագուհի Կելկիթյան ներս մտավ։
Քառասուն տարեկանի մոտ մարմնեղ ու պարարտ մսերով կին մըն էր, հետույքն ու որովայնը դուրս կարկառուն, խոշոր սև աչքերով ու կարմիր այտերով:
− Վա՛յ, եկեր ես եղեր,− ըսավ, խոսքը Ղուկաս էֆենտիի ուղղելով։
− Կես ժամ է հոս եմ, ձեր վար իջնելուն կըսպասեմ կոր՝ կերակուրի նստելու համար… անոթութենե կմարիմ կոր,− պատասխանեց էրիկը դժգոհ, անհամբեր շեշտով մը։
− Էյ, վար իջնանք անանկ է նե՝ աղջիկներն ալ հիմա կուգան: