Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/173

Այս էջը հաստատված է

− Տեր աստված, տեր աստված,− գոչեց Վառվառ,− բարով խերով դուրս չելլայի․․․ կերևա որ իմ բացակայության ատեն փորձանք մը պատահեր է… Ղուկաս էֆենտի՞ն ուր է. ան ալ մեջտեղ չի կա…

Շուշանիկ վաճառականին անունը լսելով, կրկնապատկեց իր հեծկլտուքը։

Տիկին Վառվառ գնաց քիչ մը օտոքոլոնեյը և ջուր բերավ ու աղջկան խմցուց, հետո, վերջապես ստիպեց զայն, որ գլխուն եկած փորձանքը պատմե, ինքզինք բոլորովին անգիտակ ձևացնելով անցած դարձածին։

Հետո, կատաղի բարկության մեջ ինկավ․

− Իմ տանս մեջ ասանկ խայտառակություն մը ըլլա, վա՛յ անամոթ, վայ շխպնած մարդ, մեղա՜, մեղա՜, աստուծմե՞ ալ չվախնար այդ սրիկան… ասանկ հրեշտակի պես աղջիկ մը գլխե հանել բռնի կերպով… ոտքս կոտրեր տե՝ դուրս ելած չըլլայի․․․ վա՜խ, վա՜խ, վա՜խ։

Ու այնքան լավ կատարեց իը դերը, որ խեղճ աղջիկը իրավամբ հավատաց, որ Վառվառ անմեղ էր իրեն դեմ լարված դավադրության մեջ։

Վառվառ բավական ժամանակ շարունակեց իր ողբն ու կոծը, իբր թե ինք եղած ըլլար բուն զոհը և ոչ թե հեգ մանկատի աղջիկը․ ի վերջո ջանաց նաև մխիթարել Շուշանիկը, որ լռիկ կհեծկլտար։

Իրիկուն եղած էր ու Միքայել աղան չէր երևնար։

− Աղջիկս, քեզի կառք մը դնեմ ու տուն ղրկեմ մեր սպասուհիին հետ,− աոաջարկեց տանտիրուհին,− խեղճ մայրդ հիմա մտատանջության մեջ կմնա…

Հետո, գրպանեն Ղուկաս էֆենտիի տված հինգ ոսկին հանելով, ավելցուց.

− Ասանկ մեծ դժբախտություն մը իմ տանս մեջ պատահելուն համար չափազանց կցավիմ, բայց վստահ եղիր, թե այդ անօրեն մարդուն ըրածը քովը չպիտի թողում և հախեն պիտի գամ, հիմակուհիմա սա հինգ ոսկին առ, թող քովդ գտնվի…

Եվ դրամը գրեթե բռնի, աղջկան գրպանը դրավ։ Հետո երեսը լվալ տվավ, մազերն ու վրան գլուխը շտկեց և երբ տեսավ, որ հուզումը բավական հանդարտած է, կառք մը բերել տալով՝ պառավ սպասուհիին հետ աղջիկը իր տունը ղրկեց, նախապես պատվիրելով պառավին, որ փողոցին անկյունը կառքը կեցնել տա ու