ավրեցիր ու հիմակ ալ անոթի կձգես զիրենք, թո՜ւ անամո՛թ, անխի՛ղճ մարդ, քու տեղդ Աղքատախնամին ժողովքը չէ… փռանկան է, փռանկան…
Նույն միջոցին, Շուշանիկին մայրն ալ իր կարգին Միքայել աղան մատնանիշ ընելով կգոչեր.
− Իշտե, աղջկան արունը մտնողներեն մեկն ալ աս է, ինք խաբելով աղջիկս առավ տարավ ու աս մարդուն ձեռքը թեսլիմ ըրավ…
Ներկաները ափ ի բերան կդիտեին այս տեսարանը, առանց միջամտելու, այնքան անակնկալ շվարումի մը մատնված էին։
− Խայտառակներ…
− Անբարոյականներ…
− Անամոթներ…
− Դուրս նետեցեք այս սրիկաները…
Կոռնար ամբոխը սպառնալից։
Նույն միջոցին ճիչ մը լսվեցավ։
Տիկին Անթառամն էր, որ ձեռքերը բարձրացուցած կաղաղակեր, խոսքը Լևոնին ուղղելով՝ որ քարացած մնացեր էր Ռոզիկի հետ թև թևի։
− Տեսա՞ր հիմա, խոսքս ելա՞վ, մազ մնաց, որ ասանկ անբարոյական մարդու մը աղջիկը պիտի առնեիր․․․ պատիվնիս փարայի մը պիտի ըլլար։
− Վա՜խ, աղջի՜կս, հեմ պատիվնիս ավրեց, հեմ ալ մեզի անոթի թողուց,− կշարունակեր պոռալ Շուշանիկի մայրը։
− Հապա սուտ տեղը պարկեշտ կնոջ մը անունը ավրել ուզողը և աս ու ան խաբելով հանրագրություն ստորագրել տվողը, Ղուկաս էֆենտի կոչվող աս սրիկան չէ,− միջամտեց նաև Սերգիս իր ձայնը բարձրացնելով։
Շուշանիկի մայրը Միքայել աղայի օձիքին կառչած էր։
− Ի՞նչպես վարդի պես սուրբ աղջիկս ասանկ կրակներու մեջ էրեցիր,− կաղաղակեր։
Մինչ նույն միջոցին շառաչուն ապտակ մը կիջներ մարդուն երեսին։
Միքայել աղա այդ խոսքերուն ու ապտակին ազդեցության տակ, սկսավ թոթովել։