կդատեք, բարոյականի, պատիվի խոսք կընեք․․․ է՛ն առաջ դուք ձեր պատիվը, ձեր բարոյականը շտկեցեք, անկեց վերջը ուրիշները դատելու ելեք․․․
Գինեպանը լռեց, մինչ ներկաները կգոչեին.
− Չենք ուզեր Ղուկաս էֆենտին և Միքայել աղան, ատ աղտոտ մարդիկը այսօրվնե դուրս պիտի նետվին ժամեն, մենք աղջիկ ավրող ու միջնորդություն ընող մարդ չենք կրնար ընդունիլ… դուրս թող ելլան այդ անխիղճ մարդիկը։
Եվ քանի մը բռունցքի հարվածներ իջան Ղուկաս էֆենտիի և Միքայել աղայի գլխուն։ Բայց Թումիկ ալ բավ դատած էր այս դասը, թողուց իր զոհին օձիքը և իր մարդոց դառնալով հրամայեց․
− Ճամփա բացեք, թոդ դուրս կորսվին։
Ամենքը ճամփա բացին և Ղուկաս էֆենտին ու Միքայել աղա, գլխիկոր, ամոթահար ու կապարագույն, ելան գացին ընդհանուր հայհուչներու միջև, մինչ տիկին Անթառամ, մարած վիճակի մեջ Թաղ. Խորհրդարանը փոխադրված էր, ուր իրեն դարմաններ կընեին՝ խելքը գլուխը բերելու համար։
Բազմությունը կամաց-կամաց ցրվեցավ։
Ժամ մը ետքը այս գայթակղական դեպքը լսված էր ամբողջ Բերայի մ՛եջ ու բոլոր տուներն ու սրճարանները անոր վրա կըխոսեին։
Մանավանդ Ղուկաս էֆենտիի ու տիկին Անթառամի ընդհարումն էր, որ կշահագրգռեր ամենքը։ Փոխանակված խոսքերն ու լուտանքները բերնե բերան կկրկնվեին, հաճախ չափազանցվելով։ Երբեք Կելկիթյանենց պատիվը այսպիսի առհելի հարված մը չէր կրած։ Երեսուն տարվան պատիվի, բարոյականի, ընտանիքի ամրակուռ շենքն էր, որ վայրկյանի մը մեջ հիմնահատակ կկործանվեր։
Ղուկաս էֆենտի սոսկալիորեն ընկճված ու սրտաբեկ՝ տուն վերադարձավ։ Վերի սրահին մեջ տիկին Թագուհի կսպասեր։
− Ո՞ւր են Ռոզիկն ու Լևոնը, միասին չէի՞ք,− հարցուց տեսնելով որ էրիկը առանձին էր։
− Դեռ չեկա՞ն,− հարցուց իր կարգին վաճառականը։
− Չէ…
− Ատ գործը կարծեմ չպիտի ըլլա,– ըսավ Ղուկաս էֆենտի։