Բայց ատիկա անկարելի ենթադրություն մըն էր. եթե Լևոն գացած իսկ ըլլար, Ռոզիկ չպիտի ընկերանար անշուշտ իրեն, բայց և այնպես սպասավորը ղրկեցին, որպեսզի պանդոկի դռնապանեն տեղեկություն մը քաղե։
Քառորդ մը ետքը սպասավորը եկավ և ըսավ, թե տիկին Անթառամեն զատ ոչ ոք գացած էր հոն։
Հիմակ ալ ավելի կրկնապատկվեցավ մտատանջաթյուննին։
Սպասելե հուսահատ՝ արդեն ճաշերնին ըրած էին առանձին՝ տխուր ու մռայլ ճաշ մը, մինչ զվարթ ճաշ մը ըլլալու սահմանված էր։
Ու այսպես, վերի սրահին մեջ, էրիկ կնիկ, անխոս ու մտածկոտ, դեմ դիմաց սպասեցին մինչև իրիկուն և սակայն Ռոզիկ մեջտեղ չելավ։
Պրիսթոլ պանդոկը, տիկին Անթառամ գլուխ գլխի կխորհրդակցեր Տ․ Միքիասի հետ, որ գայթակղման տեսարանին ներկա գտնվելեն ետքը վազած էր տիկին Կոկիկյանի քով, հաղթական և ուրախ դեմքով մը։
− Ալ այս անգամ, կասկած չիկա, նշանը ետ եղավ գնաց և դուն ալ մուրատիդ հասար,− ըսավ Անթառամին։
− Ինծի ալ այնպես կուգա, բարեբախտաբար Լևոնն ալ հոն էր, ամեն բան տեսավ ու լսեց և չեմ կարծեր, որ ասկե ետքը նորեն պնդե աղջիկը առնելու համար։
− Նույնիսկ եթե ինքն ալ ուզե, Ղուկաս էֆենտի չի տա․․․ բայց ո՞ւր է զավակդ, մեջտեղ չի կա։
− Իրավ որ չեմ գիտեր, ցերեկը անոնց տունը պիտի ճաշեր, բայց այս եղածներեն ետքը հոն գացած ըլլալու չէ։
− Հիմա, տիկին Անթառամ, առանց ժամանակ կորսնցնելու տղադ Սմսարյանենց աղջկան կնշանես, շուտով մըն ալ հարսնիքը կընեք, կլմնցնեք և կելլաք տեղերնիդ կերթաք։
− Բայց այս օրվան պատահածեն ետքը կկարծե՞ս որ աղջիկնին տալ ուզեն… ան ինչ չլսված բաներ ըսավ ինծի համար։
− Ճանըմ, ատանկ բաներու կարևորություն մի տար, դուն գործը ինծի ձգե. ես ամեն բան կկարգադրեմ… միայն թե իմ աշխատությունս պարապը հանելու չես, ասիկա սովորական խլավուզություն չնմանիր… ինե զատ մեկը չիկա, որ կարենա այս տեսակ միջնորդություն մը հաջողցնել։
− Թող գործը կարգադրվի տե՝ վստահ եղիր, որ քեզ գոհ