Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/186

Այս էջը հաստատված է

− Շուտ Սիրքեճիի կայարանը…

Ռոզիկ դողահար, հուզված, գրեթե ուշակորույս, լուռ ու մունջ ինկած էր կառքին անկյունը, մինչ Լևոն, որ կառքին վարագույրները իջեցուցած էր, անոր ձեռքերը կհամբուրեր և զգլխիչ խոսքեր կփսփսար ականջին։

Խեղճ աղջիկը, կամաց-կամաց ինքզինքին եկած էր, իր սիրահարին համբույրներովն ու անուշ խոսքերովը կազդուրված։ Քիչ առաջվա ահռելի մղձավանջը երազ մը կթվեր իրեն, նշանածը քովն էր, իրենն էր միշտ, և այս ստուգությունը մոռցնել կուտար իրեն ամեն վիշտ։

Սակայն ո՞ւր կերթային այսպես. կառքը Ղալաթիայեն անցած էր ու հիմա կամուրջին վրա կթավալեր։ Ռոզիկ չէր համարձակեր այս մասին հարցում մը ընել Լևոնին և երիտասարդն ալ, իր կողմե բացատրություն տալու հարկ չէր տեսնար։

Վերջապես կանգ առին Սիրքեճիի կայարանին դիմաց։

Լևոն կառքին վարձքը վճարեց ու կառապանը ճամփեց։

Հետո ըսավ Ռոզիկի.

− Երթանք սա դիմացի գարեջրատունը և ճաշենք, որովհետև գրեթե կեսօր է։

− Բայց ճաշը մեր տունը չպիտի ընեի՞նք,– առարկեց աղջիկը։

− Ատիկա հին պատմություն է,− պատասխանեց երիտասարդը խնդալով, և նշանածին թևը մտած, առանց ուրիշ բացատրության, զայն առաջնորդեց դեմի պարտեզը, որուն մեջ կգտնվեր ճաշարանը։

Երբ սեղանի մը առջև տեղավորեցան՝ Լևոն ըսավ նշանածին.

− Ի՞նչ պիտի ընենք այս օրվան գայթակղութենեն ետքը, միթե կկարծե՞ս, որ կարելի պիտի ըլլար այդ անորակալի խաղքությունը մոռնալ…

Աղջիկը չպատասխանեց։

− Ես,− շարունակեց երիտասարդը,− այնպես համոզված եմ, որ այլևս ոևէ մերձեցում կամ հաշտություն չկրնար ըլլար մորս և քու հորդ միջև, հետևաբար մեր ամուսնությունն ալ այնպես, ինչպես կարգադրած էինք, չկրնար տեղի ունենալ, հետևաբար կամ այն է, որ պետք է խզենք մեր նշանը և կամ ուրիշ կերպով մեր գլխին ճարը նայինք։ Այսինքն պետք է, որ մեր երջանկությունը զոհենք