եղած էր Պոլսո ծանոթ ընտանիքի մը հետ խնամիանալու, բոլորովին մոռցնել տալու համար իր գռեհիկ ծագումը։
Ղուկաս էֆենտի շուտով հասկցավ այդ ամենը և իր կնոջ հետ կարճ խորհրդակցությունե մը ետքը, երբ Լևոնի մայրը կրկին խոսք բացավ իր տղուն աղջիկ մը գտնելու մասին, պարզապես պատասխանեց.
− Ուրեմն կուզես, որ ձեզի խլավուզությո՞ւն մը ընեմ։
− Ինչո՞ւ չէ, խեր մը ըրած կըլլաս,− ըսավ մայրը խնդալով։
− Էյ, եթե հաջողցնեմ, ինծի ի՞նչ կա։
− Ճանըմ, դուն գործը ըրե տե, մենք ալ ամոթով չենք մնար քովդ:
− Անանկ է նե՝ եկուր իմ աղջիկս տամ Լևոն էֆենտիին…
Այս հանկարծական առաջարկը մեկեն ի մեկ շփոթեցուց Լևոնի մայրը, որ չէր գիտեր, թե Ղուկաս էֆենտի հարսնցու աղջիկ ուներ, և սակայն առաջարկությունը անընդունելի բան մը չէր, և փոքրիկ բացատրութենե մը ետքը, որոշվեցավ, որ այդ կիրակի օր մայր ու զավակ աղջիկտեսի գան։
Ղուկաս էֆենտիի աղջիկը՝ Ռոզիկ՝ տասնութը տարեկան, եթե ոչ շատ գեղեցիկ՝ սիրուն և մտացի աղջիկ մըն էր, Հոմ Սքուլեն շրջանավարտ, ինչ որ հայ օրիորդի մը համար զարգացման բարձրագույն աստիճանը ըսել է։ Ամերիկյան վարժարանին մեջ իր առած կրթությունը ազատ ու համարձակ շարժուձև մը տված էին իրեն, որով իր սիրունությունը ալ ավելի հրապուրիչ կդառնար։ Երբ իմացավ ծնողքին իր մասին պատրաստած ամուսնական ծրագիրը, ոևէ ընդդիմություն կամ դիտողություն չըրավ, մանավանդ որ Փարիզ բնակելու հեռապատկերը ամեն կերպով զինքը կհմայեր։ Ուստի այդ կիրակի օրը դեմքին վրա ուրախության ճառագայթումով մը իջավ սեղանատուն, իր կրտսեր քրոջ՝ Նոյեմիի հետ, որ տակավին հազիվ տասնըհինգ տարեկան՝ թուխ, աղվոր աղջիկ մըն էր, չարաճճի աչքերով։
Սեղանին վրա խոսակցությունն աննշան նյութերու շուրջը անցավ. որովհետև միտքերը որքան որ միևնույն մտածումով տոգորված էին, այր ու կին չէին ուզեր իրենց ծառաներուն դիմաց աղջիկտեսի մասին ոևէ ակնարկություն ընել։
Ղուկաս էֆենտի չմոռցավ հիշել օրվան մեծ դեպքը, եկեղեցիին բակը տղոց ձյունագնդակ խաղալը։
− Շունշանորդիներ, մազ մնաց ձյունը աչքիս կուգար կոր…