դարձյալ կգրեմ, հիմա ստիպված եմ նամակս վերջացնելու, որովհետև Լևոնը կսպասե քովս, որպեսզի երթանք ճաշելու, անկե ալ թատրոն երթալու համար։
Սիրով կհամբուրենք ամենքդ ալ։
Երբ տիկին Թագուհի այս նամակը ստացավ, անհուն խնդություն մը զգաց, մանավանդ աղջկանը ամուսնության լուրը առնելով։ Ինչպես Ռոզիկ իր նամակին մեջ կգուշակեր, երկու նշանածներուն անհետացումը մեծ գայթակղություն հառաջ բերած էր Բերայի մեջ և գրեթե մոռցվեր էր եկեղեցիին խաղքությունը։ Ամեն մարդ մեյ մեկ մեկնություն կուտար, դատապարտելով թե՛ աղջիկը և թե՛ երիտասարդը, ինչպես նաև ծնողքները։
Իրիկունը, երբ Ղուկաս էֆենտի տուն եկավ ու նամակը կարդաց, ինքն ալ մեծ շունչ մը առավ.
− Օ՜խ, քանի որ ալ ամուսնացեր են, ալ խոսք խորաթան մեջտեղեն կվերնա… ես վաղը թերթերուն մեջ այդ ամուսնությունը փառավոր կերպով ծանուցանել կուտամ, թող ամեն մարդ իմանա և լեզուն քաշե։
Վաճառականը քանի օրե ի վեր երկյուղ մը ուներ, զոր կնոջը չէր հայտներ։ Կվախնար որ Լևոն աղջիկը ձեռքին մեջ զենք մը ընելով՝ իրմե մեծկակ դրամօժիտ մը պահանջեր, հետը ամուսնանալու համար։ Ինք անշուշտ տրամադիր էր խոստացված գումարը՝ երեք հազար ոսկի, թեև ակամա՝ վճարելու, սակայն եթե ավելի պահանջեր, ի՞նչ պիտի ըներ, գայթակղության առաջքը առնելու համար պիտի ստիպվեր վճարելու։
Բայց հիմա ահա բոլորովին հակառակը տեղի կունենար։ Ամուսնությունը եղած կատարված էր և նամակին մեջ բնավ դրամօժիտի խոսք չի կար։ Ասկե ետքը, նույնիսկ երիտասարդը դրամ պահանջեր, բացարձակապես կրնար մերժել։
− Քաղաքական ամուսնություն հե՞,− կըսեր ուրախությամբ իր կնոջ,− եկեղեցական պսակեն ավելի ամուր է և ավելի օրինական…
− Միայն թե ես կուզեի, որ եկեղեցական պսակն ալ ըլլար։
− Հոգ մի ըներ, ան ալ կըլլա, խնդիրը այն է, որ այսօր, օրենքին առջև ամուսնացած կհամարվին։