Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/191

Այս էջը հաստատված է

Ու Ղուկաս էֆենտի կվերադառնար կրկին իր սիրելի գաղափարին։

− Երեք հազար ոսկին գրպանս մնաց, աղջիկն ալ կարգեցինք…

− Գոնե պատրաստած հագուստներն ու ճերմակեղենները ղրկեինք,− դիտել տվավ տիկին Թագուհի։

− Ուզեն նե՝ կղրկես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− իսկ եթե ձայն չհանեն՝ կպահենք մեր մյուս աղջիկնուս համար… հեհեզը հիմակվընե պատրաստ կրլլա։

Մյուս օրը վաճառականը լուր ղրկեց, կանչել տվավ օրաթերթի մը խմբագիրը և տասը ոսկիի փոխարեն հետևյալ տողերը հրատարակել տվավ։

«Մեծ ուրախությամբ կլսենք թե անցյալ շաբթու Փարիզի մեջ կատարված է Կ. Պոլսո հրապարակին ծանոթ վաճառականներեն ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյանի դստեր, օր. Ռոզիկի ամուսնությունը՝ Փարիզ հաստատյալ մեծահարուստ գոհարավաճառ ազնվաշուք Լևոն էֆենտի Կոկիկյանի հետ։

«Համեստափայլ տիկին Ռոզիկ, Հոմ Սքուլի փայլուն շրջանավարտներեն մին է և իր ստացած բարձր կրթությամբը, զեղեցկությամբը և շնորհալի ձիրքերովը պատիվ կբերե հայ իգական սեռին, որուն մեկ փայլուն ներկայացուցիչը պիտի ըլլա ֆրանսական ոստանին մեջ, բարձրացնելով մեր ազգային արժանիքը օտարներու քով։

«Իսկ ազնվաշուք Լևոն էֆենտի Կոկիկյան մեծ զարգացումի տեր, գործունյա, ձեռներեց երիտասարդ մըն է, որ հաջողած է կարճ ժամանակի մը մեջ ամենափայլուն դիրք մը ստեղծել իրեն համար, Փարիզի մեջ, ուր այսօր առաջնակարգ դիրք մը գրաված է։

«Այս բարեպատեհ ամուսնության առթիվ հարսին հայրը, ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյան, որուն բարեսրտությունը ծանոթ է, երկու հարյուր ոսկի նվիրած է Ազգ. Հիվանդանոցին և հիսուն ոսկի ալ Գալֆայան որբանոցին»

«Խմբագրությունս իր ջերմ շնորհակալությունները կներկայացնե Կելկիթյան և Կոկիկյան գերդաստաններուն և երջանկություն կմաղթե նորապսակ ամոլին»։

Այս լուրը անակնկալ մը եղավ ամենուն համար։ Շատերը եկան շնորհավորելու Ղուկաս էֆենտին, որ ուրախ զվարթ ընդունեց