Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/193

Այս էջը հաստատված է

− Ըստ իս, Ղուկաս էֆենտին դատապարտելի է, աղջիկը երեսի վրա ձգելուն համար, ըսենք որ խենթություն մը ըրեր, գլխե հաներ է, գոնե թող նյութապես օգներ, որ գործը ծածուկ մնար և ոչ թե անոթի ձգեր։

− Ես չեմ կարծեր, որ Ղուկաս էֆենտին այդպես երեսի վրա ձգած է աղջիկը, չկարդացի՞ք, մարդը հարյուր հիսուն ոսկին մեկեն նվիրեր է հիվանդանոցին, ատանկ առատաձեռն մարդը միթե այդ աղջիկը անոթի կձգե՞…

Ու այսպես, պակաս չէին փաստաբաններ, որոնք կճգնեին արդարացնել վաճառականը և անոր վարկը կրկին բարձրացներ։

Եթե կար մեկը, որ իրեն կատաղի հակառակորդը մնացած էր, այն ալ Տ. Միքիաս քահանան էր։ Երբ թերթին մեջ կարդացեր էր Ռոզիկի և Լևոնի ամուսնության լուրը, սարսափելի բարկության մը մեջ ինկած էր։

− Վայ, շունշանորդի,− գոչեր էր ինքն իրեն,− նորեն հաջողցուց…

Ու իրեն անհավատալի կթվեր ասիկա։ Ալ ինք կատարելապես վստահ էր թե ոևէ միություն անկարելի էր երկու երիտասարդներու միջև և նույնիսկ Սմսարյանենց հետ սկսած էր բանակցել, տիկին Անթառամի հետ ծրագրած խորհուրդը հաջողցնելու համար, որմե նյութական մեծ շահ մը ալ կակնկալեր։ Եվ իրողությունը այն էր, որ Սմսարյանենք տրամադիր երևցած էին իրենց աղջիկը տալու Լևոնին, որուն հարստությանն ու փայլուն դիրքին մասին իրենք ալ հատկապես տեղեկություններ ստացած էին։ Միայն թե՝ երիտասարդը մեջտեղ չի կար և այս բանը մտատանջության կմատներ քահանան։ Գիտեր, որ տիկին Անթառամ իր զավակեն երկտող մը առած էր, որով ողջ և առողջ ըլլալը և անակնկալ կերպով Պոլսեն մեկնելը կծանուցաներ, սակայն այդ տեղեկությունը շատ անբավական էր։

Ու կսպասեր ավելի լրացուցիչ լուսաբանության մը։ Մինչ Ռոզիկ իր մոր ուղղած երկտողին մեջ Լևոնին հետ ըլլալը գրած էր, երիտասարդը իր մորը գրած նամակին մեջ ոևէ ակնարկություն մը չէր ըրած նշանածին մասին, հետևաբար չէին գիտեր թե Ռոզիկ կընկերանա՞ր Լևոնին։

Ու Տ. Միքիաս և տիկին Անթառամ իրենք իրենց՝ լավատես ենթադրության մը հանգած էին։

Կերևա որ, խորհած էին, Լևոն կիրակի օրվան տեղի ունեցած