Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/195

Այս էջը հաստատված է

− Այո՛, երեկ իրիկուն նամակ առի զավակես, առ կարդա և գլխուս եկած փորձանքը իմացիր։

Ու Անթառամ թաշկինակը հանելով աչքերը սրբեց։ Քահանան առավ նամակը և բարձրաձայն կարդալ սկսավ․

«Սիրելի մայր,

Այս նամակս գուցե շատ ցավ պիտի պատճառե քեզի, բայց պետք է գիտնաս, որ եթե դեպքերը այս ընթացքը առին՝ մեծագույն պատասխանատուն դուն ես այս մասին։ Եթե քիչ մը լրջորեն մտածես, պիտի համոզվիս, որ ըսածս բացարձակ ճշմարտություն մըն է։ Եթե այն անհարկի ու անիմաստ հակառակությունը չունենայիր նշանածիս հետ, եթե էնթրիկան քահանայի մը միանալով, մեքենայություններ լարելու ետևե չըլլայիր, և եթե անօգուտ տեղը հակառակություններ չստեղծեիր Ղուկաս էֆենտիի հետ, այսօր մեր ամուսնությունը ամենայն կանոնավորությամբ և վայելչությամբ կատարված կըլլար։

«Սակայն դժբախտաբար այդպես չեղավ և ահա վրա հասավ Բերայի եկեղեցիին անորակելի խաղքությունը, որուն մեջ երկու ընտանիքներուն խայտառակության բաժինը հավասար էր իրարու, այնպես որ ոչ ես կրնայի Ռոզիկը դատապարտելի համարել, ոչ Ռոզիկը՝ զիս։

«Միայն թե հարկ էր այդ անել կացութենեն դուրս ելլել և ասոր համար երկու միջոց կար։ Մին՝ խզել մեր կապերը, մեր սերն ու երջանկությունը զոհել ուրիշներուն գործած հանցանքներուն, և կամ միասին հեռանալ մեր փոխադարձ սիրո վրա հիմնելով նոր կյանք մը, ջանալով մոռնալ ինչ որ դիպվածով լսած ու տեսած էինք։

«Եվ մենք այս վերջին միջոցը ընտրեցինք, որովհետև զիրար անկեղծորեն կսիրեինք և չէինք կրնար մեր սիրտերը փշրել ուրիշներու գործած մոլություններուն համար, որքան որ այդ ուրիշները մեր ծնողքները ըլլային։

«Ուստի ես և Ռոզիկ խույս տվինք Պոլսեն, ուր մեր միությունը անկարելի էր առանց նորանոր գայթակղւլթյուններու, եկանք Փարիզ և երեկ իսկ մեր քաղաքային ամուսնությունը կնքեցինք օրինավորապես։ Այնպես որ Ռոզիկ այսօր իմ հարազատ կինս է և ոչ ոք կրնա մեզ բաժնել, և արդեն մոռցած ենք բոլոր այն տխուր բաները, որոնք մեզ հարկադրեցին այս վճռական միջոցին դիմելու։