Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/196

Այս էջը հաստատված է

«Հիմա կմնա վերջնական կարգադրություն մը ընել քու մասիդ, և այս կետն է, որ զիս նեղ դրության մը մեջ կդնե ու մտատանջության կմատնե։ Երկար մտածումներն ետքը աս եզրակացության կհանգիմ, որ, թե քու և թե մեր երջանկությանը համար պետք է իրարմե հեռու ապրինք այլևս, ինչպես կուզեմ որ կինս ալ այլևս հեռու մնա իր հորմեն։

«Այս որոշումը տալով միտքս քեզի երեսի վրա թողուլ չէ բնավ, փառք աստուծո, նյութական հոգսեր չունինք մեր բարոյական տանջանքներուն հետ։ Ուստի ինչ որ քու ապրուստիդ համար պետք կտեսնես, պատրաստ եմ լի ու լի վճարելու, բացի ասկե, նամակիս հետ 2 հազար ֆրանքի չեք մըն ալ կղրկեմ, որովհետև որոշապես չեմ գիտեր, թե քովդ դրամ մնացա՞ծ է թե ոչ։

«Ըստ իս, կարծեմ լավ կընես, որ տակավին ժամանակ մը մնաս Պոլիս, իսկ եթե չես ուզեր հոդ մնալ, կրնաս ոևէ տեղ մը ընտրել հաստատվելու համար, նույնիսկ Փարիզ, եթե այդպես կփափաքիս, միայն թե պայմանով, որ զատ ապրինք, գոնե ժամանակ մը։

«Հուսալով, որ այս գրածներս լուրջ նկատողության կառնես և անոր համեմատ կպատասխանես, նամակս կվերջացնեմ։ Սիրալիր համբույներով»։

Տ. Միքիաս քահանա երբ նամակին ընթերցումը ավարտեց, երկար փառավոր մորուքը շոյեց անգամ մը. հետո տիկին Անթառամի դառնալով հարցուց.

− Էյ, հիմա ի՞նչ պիտի ընես…

− Իրավ որ ես ալ չեմ գիտեր ընելիքս,− պատասխանեց Լևոնի մայրը,− ես ինչ կմտածեի և ինչ եղավ, ես տանս շենցնելա խորհուրդ ունեի, հիմա տունս քանդվեցավ, և ես ալ ասանկ պատին երեսին մնացի…

− Ուրեմն այսպես, Ղուկաս էֆենտի դրամօժիտ տալեն ալ ազատվեցավ− դիտել տվավ քահանան, առանց նկատողաթյան առնելու Անթառամի տրտունջները.− վա՛յ անօրեն մարդ, վա՜յ, բախտը այդ տեսակ մարդերու կօգնե միշտ, մինչդեռ մեզի պես պարկեշտ մարդիկը միշտ ձախորդությանց կմատնվին։

Եվ սակայն Տ. Միքիաս քահանա շուտով պարտություն խոստովանող մարդ չէր և հակառակ իրեն դեմ ցցված անհաջողություններուն՝ չէր ուզեր հուսահատիլ։