Քարտուղար վարդապետը պահ մը մտածեց և հետո ըսավ.
− Երեք շաբաթ մը կա, գուցե ամիս մը։
− Վա՜յ սոսկալի արարած, դեռ իր մեքենայություններեն վազ չէ անցեր,− մռմռաց Ղուկաս էֆենտի, բարկութենեն դողահար շրթունքներով։
Փոխանորդ հայրը ինքն ալ գայթակղած երևույթ մը առավ։
− Զարմանալի բան․ Կրոնական ժողովի անդամ մը ի՞նչ պետք ունի այդ տեսակ պաշտոնաթուղթերու խառնվելու, նույնիսկ ի՞նչպես կըլլա, որ այդ թուղթերը քու ձեռքդ կգտնվին։
− Տեր Միքիաս ըսավ, որ այդ պաշտոնաթուղթերը փնտռեմ, գտնեմ և իրեն հանձնեմ… եթե ուրիշ մը ըլլար ուզողը, կարելի է դիմադրեի, բայց ի՜նչպես կրնայի Տ. Միքիաս հոր ըսածը չկատարել։
− Էյ հիմա ի՞նչ պիտի ընենք,− հարցուց Ղուկաս էֆենտի, հետզհետե ավելի բորբոքած:
− Վաղը Կրոնական Ժողովը նիստ պիտի գումարե, հետևաբար Տ. Միքիաս ալ հոն կըլլա և իրմե բացատրություն մը կուզենք։
− Ճանըմ, բացատրություն չէ իմ ուզածս, ես թուղթերը կուզեմ ուրիշ խոսք չեմ հասկնաք, վաղը պետք է, որ թուղթերը ինձի հանձնվին, եթե ոչ տակնուվրա կընեմ ամեն բան, գիտցած ըլլաք…
- Մի բարկանաք, Ղուկաս էֆենտի, վաղը ամեն բան կկարգադրենք ապահով եղեք…
− Ես վաղը կրկին գրագիրս պիտի ղրկեմ և եթե առանց պաշտոնաթուղթերը բերելու վերադառնա, ալ դուք գիտեք…
Եվ այս անորոշ սպառնալիքին տակ թողլով փոխանորդն ու Կրոնական ժողովի քարտուղարը, վաճառականը ոտքի ելավ և բարկաճայթ գնացքով մը առավ քալեց:
Հետևյալ օրը, երբ Տ. Միքիաս քահանան Պատրիարքարան եկավ, փոխանորդը զայն իր քով հրավիրեց և պատմեց Ղուկաս էֆենտիի այցելությունը և անոր բուռն պահանջը՝ թուղթերը նույն օրն իսկ ստանալու մասին։
− Դեռ վեց ամիս ալ կրնա երթալ գալ,− պատասխանեց Տ. Միքիաս հանդարտությամբ,− և ասոր համար բարկանալու տեղի չկա։ Այդ տեսակ գործերը բարկությամբ չեն ըլլար, այլ օրինավորությամբ։
− Բայց կարծեմ այդ գործը ձեզի չի վերաբերիր։