Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/204

Այս էջը հաստատված է

− Քանի որ ապօրինություն կա, իմ պարտքս է զայն մատնանիշ ընել, ուր որ անկ է։

− Սակայն ես խոստացա անպատճառ այսօր հանձնել թուղթերը։

− Սխալ եք ըրեր, հայր սուրբ, նախ որ թուղթերը քովս չեն, ասկե զատ, նույնիսկ եթե քովս ըլլային՝ ձեզի չէի կրնար հանձնել։ Այդ մասին արդեն հատկապես պիտի խոսիմ Սրբազան Պատրիարք Հոր հետ։

− Բայց ես ի՞նչ պատասխան տամ հիմա, երբոր Ղուկաս էֆենտիի գրագիրը գա…

− Կըսեք, որ տակավին պետք է սպասեն, որովհետև կարգ մը անհրաժեշտ գործողություններ կան կատարվելիք։

Եվ Տ. Միքիաս քահանան իր փառավոր մորուքը հաղթականորեն շոյելով, ու ոտքի ելավ ու մեկնեցավ։

Ինչպես առաջուց կարգադրված էր, իր ու Անթառամի միջև հաղորդակցությունները կանոնավորապես կշարունակվեին։ Գրեթե ամեն շաբաթ Տ. Միքիաս նամակ կստանար Լևոնի մորմեն և ինքն ալ կանոնավորապես կպատասխաներ։

Տիկին Անթառամի նամակները թեև շատ հուսատու չէին, այսուհանդերձ քահանան չէր հուսահատված տակավին և միշտ անակնկալ պատահարի մը կսպասեր, որպեսզի հաղթանակը տանի։

− Խնդիրը ժամանակ շահելուն վրա է,− կհեղհեղեր ինքնիրեն։

Բայց Փարիզեն ընդունած վերջին նամակը քիչ մը ավելի խոստմնալից էր։

Տիկին Անթառամ կգրեր, թե զավակը ավելի մտերմություն ցույց կուտար։ Թե պսակի մասին ոևէ ակնարկություն չէր ըրած իրեն և այդ մասին անտարբեր կթվեր։

Բոլոր ասոնք, որքան ալ անորոշ ըլլային, մեծ կարևորություն կառնեին Տ. Միքիասի աչքին, որ մեկ բառե մը ամբողջ հոգեբանություն մը գուշակելու չափ խորամտություն ուներ։

Եվ տիկին Անթառամի այդ անորոշապես հուսատու նամակեն քաջալերված՝ Տ. Միքիաս միտքը դրած էր, ամեն գնով, պաշտոնաթղթերը պահել իր քովը։

Երբ Ղուկաս էֆենտիի գրագիրը իրիկվան դեմ ներկայացավ Փոխանորդին, այս վերջինը հուսահատ շարժումով մը ըսավ.