Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/206

Այս էջը հաստատված է

Եվ որովհետև, ինչպես գիտենք Ղուկաս էֆենտի նեղ պարագաներու մեջ չէր վարաներ վճռական որոշում մը տալու, ինքնիրեն ըսավ.

− Այս իրիկուն կելլամ իր տունը կերթամ և երես երեսի կտեսնվիմ, նայիմ ի՛նչ է սըվոր միտքը։

Այս որոշումով հանդարտած, վաճառականը սկսավ գործերով զբաղիլ։

Իրիկունը ուշ ատեն թյունելեն կառք մը նստավ և ուղղակի Ս․ Երրորդություն եկեղեցին երթալով՝ բարապանը առավ հոնկե, որպեսզի զինքը քահանային տունը առաջնորդե, քանզի աոաջին անգամ էր, որ իր տաներեցին կայցելեր ու չէր գիտեր տանին ուր գտնվիլը։

Տ. Միքիաս արդեն վերադարձած, հագված ու երկար մուշտակ մը հագած, գրասեղանին առջև կաշխատեր, երբոր երեցկինը եկավ և իմաց տվավ, որ Ղուկաս էֆենտին եկած էր ու զինքը տեսնել կուզեր։

− Հոս հրամեցեք,− ըսավ Տ. Միքիաս առանց տեղեն շարժելու, հետո գլուխը ծռեց թերթի մը վրա և սկսավ կարդալ, խիստ զբաղյալ երևույթ մը առնելով։

Ղուկաս էֆենտին ներս մտավ սենյակեն, մինչ քահանան, առանց գլուխը վեր առնելու, կշարունակեր գրել կեղծել։

− Բարև տեր հայր,− ըսավ վաճառականը։

Տ․ Միքիաս գուխը վեր առավ, ոտքի ելավ և պատասխանեց։

− Բարի եկաք, Ղուկաս էֆենտի, այս ի՜նչ անակնկալ պատիվ է, որ կնեք մեզի, հրամմեցեք և թիկնաթոռին մեջ նստեցեք։

Եվ ցույց տվավ գրասեղանին քով դրված թիկնաթոռ մը, հետո երեցկինին դառնալով, որ դռան մեջ կեցած էր, ըսավ.

− Մեզի երկու հատ աղվոր սուրճ եփել տուր և ղրկե։

Երբ առանձին մնացին՝ Ղուկաս էֆենտի սիկարեթի տուփը հանեց, հատ մը քահանային տվավ, հատ մըն ալ ինքը վառեց և ըսավ․

− Տեր հայր, ժամանակե մը ի վեր աս քու բռնած ընթացքեդ բան մը չեմ հասկնար կոր․․․

− Ո՞ր ժամանակեն ի վեր,− հարցուց Տեր Միքիաս միամիտ դեմքով մը։