Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/208

Այս էջը հաստատված է

Նախ պետք տեսնվեցավ գրել Գաղդիո կառավարության, որպեսզի մեզ իմացնե թե հիշյալ Լևոն Կոկիկյանը Փարիզի կամ Ֆրանսայի որևէ մեկ քաղաքին մեջ նախապես ուրիշի մը հետ քաղաքական օրենքով ամուսնացա՞ծ է թե ոչ։ Երկրորդ, ուրիշ ծանրակշիռ խնդիր մը կա։ Կհիշե՞ք որ Ս. Երրորդության եկեղեցիի բակին մեջ տիկին Անթառամի հետ ունեցած բանավեճին միջոցին, բարկության վայրկյանի մը մեջ շատ ծանր հայտնություն մը ըրիք…

− Ի՞նչ հայտնության…

− Ըսիք թե մյուսյու Լևոնը Անթառամի ամուսնուն հարազատ զավակը չէր, այլ ապօրինի հարաբերության մը ծնունդը․․․

Ճանըմ, բարկության մեջ պոշ խոսք մըն էր բերնես փախավ… Անթառամը ինծի նախատեց նե՝ ես ալ անոր անվայել խոսքեր ըսի…

− Ճի՛շտ ես ալ նույն օրը այդպես խորհեցա ու բնավ կարևորություն չտվի փոխանակված խոսքերուն, միայն թե դժբախտաբար, ձեր ըսածները ճիշտ են եղեր…

− Ճշմարի՞տ են եղեր,− գոչեց Ղուկաս էֆենտի, գույնը թեթևապես նետած,− ատ ո՞վ կրսե կոր։

− Դիպվածով իմացանք, հանգուցյալ ոսկերիչ Նիկողոս աղայի մտերիմներեն, մասնավորապես Հակոբ աղա կըսեն՝ ծերուկ մը կա, անիկա մանրամասն պատմեց։

Վաճառականը հետզհետե շփոթած՝ Տ. Միքիասի երեսը նայեցավ։ Քահանան չէր ստեր, միայն թե դիպվածով չէր իմացած, այլ անձամբ մանրակրկիտ քննություն մը բացած էր, խիստ գաղտնապահորեն, և կրցած էր մեկ քանի ծեր ոսկերիչներ ու մանավանդ Հակոբ աղան խոսեցնելով տեղեկություններ քաղել։

− Ես այն օրը կարծեցի թե,− շարունակեց Տ. Միքիաս,− դուք պարզապես կզրպարտեիք տիկին Անթառամը և շիտակը շատ ցավ զգացի ձեր ըրածին և անվայել գտա այնպիսի արարք մը ձեզ նման անձնավորության մը կողմե, բայց, հետո, ափսոս, տեսա, որ իրավունք ունիք եղեր և ձեր ըրածը ոչ թե զրպարտություն, այլ բացարձակ ճշմարտություն է։

− Հայց ատոնք կարևորություն չունին, անցած գացած բաներ են, տե՛ր հայր․ նույնիսկ եթե ճշմարիտ ալ ըլլա, ի՞նչ կարևորություն ունի, քանի որ այսօր Լևոն Կոկիկյանը իբրև Նիկողոս