− Վա՛յ շունշանորդի։
− Ուրեմն, էֆենտիս,− շարունակեց քարտուղարը,− եթե հրաման կընեք, բոլոր թուղթերը պատրաստեմ և քանի մը օրեն բերեմ:
− Աղեկ, աղեկ, քեզ տեսնեմ, եթե այդ գործը քանի մը օրեն ընես, քեզի աղվոր նվեր մը կուտամ։
− Շնորհակալ եմ, էֆենտիս, ողջ եղիք։
Եվ Սիսակ գետնամած խոնարհություն մը ընելով դուրս ելավ։
− Ա՜խ,− գոչեց վաճառականը, երբ աոանձին մնաց,− ժամ մը առաջ գալու էր, հարյուր ոսկին ավանակի պես չէի համրեր։
Եվ սակայն չափազանց գոհ էր Պատրիարքարանի քարտուղարին այս անակնկալ այցելութենեն։ Ինչ գեղեցիկ վրեժ մը պիտի կրնար լուծել Տ. Միքիասեն, եթե պ. Սիսակ իր խոստումին համեմատ, քանի մը օրեն թուղթերը կարենար բերել։ Ասկե զատ խոստացած հարյուր ոսկիի երկրորդ վճարումեն պիտի ազատեր։
Ու Ղուկաս էֆենտի այս հաջողութենեն զվարթացած՝ գնաց ախորժակով ճաշ մը ընելու։
Պ. Սիսակ երկու օր ետքը եկավ և հանձներ բոլոր պաշտոնաթղթերը, զորս նույն օրն իսկ վաճառականը ղրկեց Փարիզ։
Իսկ քարտուղարին իբրև նվեր հինգ ոսկի տվավ, բացի արձանագրությանց համար եղած ծախքերեն։
− Հիմա թող գա նայինք Տ. Միքիասը,− կմտածեր ինքնիրեն Ղուկաս էֆենտի։
Սակայն քահանան մեջտեղ չիկար։ Հարյուր ոսկին գրպանելե ետքը շաբաթ մը մնացած էր Պոլիս և հետո գացեր էր գյուղը, ուր տուն և այգի ուներ, և տարին քանի մը անգամ կերթար մեկ երկու շաբաթ մնալու։
Քահանան Պոլսեն քիչ մը ժամանակ հեռանալով, կուզեր, խուսափիլ Ղուկաս էֆենտիի հետապնդումներեն և ժամանակ շահիլ։
Այս բացակայության միջոցին էր, որ Ղակաս էֆենտի նամակ մը ստացավ իր աղջիկեն, որուն մեջ ուրախությամբ կծանուցաներ պաշտոնաթուղթերուն հասնիլը և կավելացներ.
«Թուղթերը առնելուս հետևյալ օրը Վիլիեն փողոցի հայ մատուռին մեջ կրոնական պսակը կատարեցինք, Պարոնյան վարդապետի նախագահությամբ և ադամանդի ծանոթ վաճառական պ. Սիսակ Մարտիրոսյանի կնքահայրությամբ։ Ամբողջ մատուռը