Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/218

Այս էջը հաստատված է

աղվոր մը խայտառակեցինք, Աղքատախնամեն ալ դուրս նետել տվինք։

− Պետք է որ Ղուկաս էֆենտին Շուշանիկի ու զավկին հոգը վրան առնե, իմ խելքս ասոր կհասնի,− պատասխանեց Սերգիս վճռաբար,− և քանի որ ճամփա ելանք, կես ճամփան մնալու չենք, պետք է որ այդ գործը գլուխ հանենք։

Երիտասարդը ապահովաբար ծրագիր մը ուներ, զոր չէր ուզեր անմիջապես պարզել, այլ նախ կփափաքեր գինեպանին տրամադրությունը իմանալ։

− Ինչպես կրնանք բռնի ստիպել, որ դրամ տա,− ըսավ գինեպանը, տարտամ կերպարանքով մը։

− Այդ մասին կարելի է միջոց մը խորհիլ, միայն թե դուն տրամադի՞ր ես ինծի օգնելու… այդ տեսակ մարդիկը բարոյապես խայտառակվելով պատժված չեն ըլլար, անոնց նյութականին դիպչելու է, որ զգացվին։

− Եթե ձեռքես բան մը կուգա, գլխուս վրա,− ըսավ գինեպանը,− ես ալ կուզեմ, որ մեր այդքան աշխատանքներեն գոնե պզտիկ օգուտ մը ըլլա այս խեղճերուն։

− Ուրեմն համաձայնինք,− պատասխանեց Սերգիս ուրախությամբ,− կրնա՞մ պետք եղած ատեն քու վրադ վստահիլ։

− Ձեռքես եկածը կընեմ,− կրկնեց Հաճի Թումիկ վճռաբար։

Օրերե ի վեր Սերգիս իր մտքին մեջ կորոճար այն միջոցը, որով կհուսար Ղուկաս էֆենտիեն նյութական նպաստ մը ձեռք ձգել Շուշանիկի և անոր նորածին զավկին համար։ Այդ միջոցը ինքնին շատ պարզ էր ու հաճախ ի գործ դրված նմանօրինակ պարագաներուն՝ այն է փոքրիկ մանուկը, բացատրական նամակով մը կողովի մը մեջ դնել և գիշեր ատեն զայն զետեղել վաճառականին դռան առջև։

Միայն թե այս խորհուրդը իրագործելու մասին դժվարություն մը կներկայանար․ այն է Շուշանիկի ընդդիմությունը։

Թշվաո աղջիկը, հակառակ իր նյութական անձուկ վիճակին, չէր ուզեր վայրկյան մը իսկ բաժնվիլ իր զավկեն, զոր խենթի պես կսիրեր։ Բայց Սերգիս, որ միտքը դրած խորհուրդեն չէր հրաժարեր դյուրավ, գինեպանին աջակցությունը ապահովելն ետքը, եկավ գտավ Շուշանիկն ու իր մայրը և կրկին պնդեց, որ տղան տանին