աղջիկս քիչ մ’ավելի գեղեցիկ ըլլար, եթե գիտնար պետք եղածին պես պոչ խաղցնել, եթե հաջողեր մանչուն խելքը գլխեն առնել, այն ատեն գուցե նույնիսկ առանց դրամօժիտի կրնայի աղջիկս անոր գլուխը փաթթել, և ի՜նչ հաղթություն, ի՜նչ հաջողություն պիտի ըլլար ասիկա իրեն համար: Բայց տեսակցությունը իրեն ապագա խնամիներուն հետ, շատ սիրալիր եղած էր։ Լևոնի անմիջական հրավերը, հետևյալ օր փոխադարձ այցելության երթալու, բավական զորավոր պատճառներ էին գործի հաջողության մասին հույսեր ներշնչելու և Ղուկաս էֆենտի այդ հույսերով օրորված՝ զվարթ տրամադրությամբ մը մտավ Սբլանտիտի, ուր արդեն բազմությունը խռնված էր, դուրսը տիրող ցրտաշունչ օդեն մղված։
- Հրամմեցեք, Ղուկաս էֆենտի,− ըսավ ձայն մը, երբ մեր վաճառականը աչքը չորսդին ժուռ կածեր, նստելու հարմար տեղ մը գտնելու համար։
Աբգար էֆենտի Սմսարյանն էր, իրեն պես ազնվաշուք ջոջ վաճառական մը, որ իր աղջկան հետ էր սեղանի մը քով։
Ղուկաս էֆենտի մոտեցավ և տեղավորվեցավ իր բարեկամին մոտ։
Բարևտուքի սովորական բանաձևերեն ետքը, Աբգար էֆենտի հանկարծ հարցուց.
− Ո՞վ է սա Փարիզեն եկող հարուստ ակնավաճառ երիտասարդը, Լևոն Մոմիկյան է, ի՞նչ է…
− Կոկիկյան, հայրիկ,– ուղղեց աղջիկը։
− Հա, Կոկիկյան… Կճանչնա՞ս կոր։
Ղուկաս էֆենտի թեթև, աննշմարելի սարսուռ մը ունեցավ։ Այդ անունին հանկարծ մեջտեղ նետվիլը զինքը շփոթեց։ Աբգար էֆենտիի աղջիկը, Հերմինե, որ հոն նստած էր, հրապուրիչ սև աչքերով, վարդագույն այտերով և հրաշալի եբենոսյա մազերով քսաներկուամյա գեղուհի մըն էր, հաջող դաշնակահար, որ իր կրթությունը առած էր Բանկալթիի Սեոռերուն վարժարանը։ Բերայի մեջ իր գեղեցկությունը համբավված էր և շատ շնորհքով երիտասարդներ իր ձեռքը խնդրած էին, սակայն աղջիկը ոչ մեկուն չէր հավնած։ Բացարձակապես եվրոպական կրթություն ունեցող երիտասարդ մը կուզեր ինք, որուն վարքն ու բարքը համաձայներ իր ստացած կրթության, և հայրը, որ կպաշտեր իր աղջիկը, միշտ տեղի տված էր անոր կամքին առջև, թեև շատ կփափաքեր զայն ամուսնացնել։