Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/227

Այս էջը հաստատված է

– Գիտեք, որ Ղուկաս էֆենտիին կողմեն կուգամ կոր,– ըսավ քահանան։

− Բարով եկաք,− պատասխանեց Էլպիս հանըմ, Շուշանիկի մայրը։

− Էֆենտին շատ բարկացավ այս ձեր ըրած անվայել գործին,– շարունակեց Տ. Կիրակոս,− և շատ մը փորձանքներ պիտի բերեր ձեր գլխուն, բարեբախտաբար ես միջամտեցի, աղաչեցի, պաղատեցա, վերջապեսս իրար առի, եթե ոչ հիմա երկուքդ ալ բանտ գացած էիք։

− Ողջ ըլլաս,− ըսավ Էլպիս հանըմ։

− Օրհնած, հիչ ասանկ բան մը կըլլա՞, անիկա ի՞նչ մարդ է չե՞ք գիտեր կոր, անանկ մեծ մարդու այնպիսի զրպարտություններ ընել, տղան տանիլ դռնեն կախել, նամակ գրել, սպառնալ… խենթացա՞ք, ի՞նչ եղաք, ատոր ծայրը թիարան կա, թիարան․․․

− Բայց մենք զրպարտություն չըրինք, տեր հայր,− ընդմիջեց Շուշանիկ,− իրավցնե այս պզտիկը իր զավակն էր, ինք աղեկ գիտե։

− Սո՞ւս, այդպես խոսքեր ըսելը մեղք է,− գոչեց քահանան,− նույնիսկ եթե իրավ ալ ըլլա, պետք է որ լռեք, ձայներնիդ քաշեք, դուք ո՜վ, ան ո՜վ. ձեզի կաթիլ մը ջուրի մեջ կխեղդե, դուք անոր պես մեծ մարդու մը հետ գլուխ կրնա՞ք ելլել, մեղա՜, մեղա՜։

− Բայց,− բողոքեց Շուշանիկ,− եթե ան իր զորությանը կապավինի ինծի պես խեղճ աղջիկ մը բռնաբարելու և հետո երեսի վրա անոթի ձգելու համար, մենք ալ մեր պաշտպանության համար աստծո կապավինինք ու մեր իրավունքները կպահանջենք։

− Աղեկ, աղջիկս, բայց ձեր իրավունքը պահանջելու համար, նույնիսկ ենթադրելով, որ իրավունք ունեցած ըլլաք, այդ ձեր ընտրած ճամփան շատ սխալ է։ Փոխանակ տղան այսպես իր տունը ղրկելու, սպառնական նամակներ գրելու, միջնորդ մը գտնելու էիք, որ երթար աղաչեր, պաղատեր, բարեխոսեր և վերջապես էֆենտիին սիրտը հուզելով՝ ձեզի համար նյութական օգնություն հասցներ․․․ Ղուկաս էֆենտի խղճմտանք ունեցող, բարեսիրտ, բարերար, պատվական մարդ մըն է, միայն հետը վարվելու է, իր կամքին հակառակ երթալու չէ։

− Շատ աղաչեցինք, օգուտ չըրավ, տեր հայր,− ըսավ Էլպիս հանըմ, դառնացած շեշտով մը։