Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/228

Այս էջը հաստատված է

− Ընդհակառակը, ես կըսեմ, սր պետք եղածին պես չեք աղաչած, տեսեք՝ ես ալ իր բարկությունը իջեցնելու համար անաշ-անուշ խոսեցա, աղաչեցի և վերջապես հաջողեցա ոչ միայն ձեզի փորձանքեն ազատել, այլ նաև ձեզի ըլլալիք նյութական օգնության խոստում մըն ալ առնել իրմե։

− Արդեն ատիկա իր պարտքն է,− պատասխանեց Շուշանիկ, որ իր բռնելիք ընթացքին մասին լի ու լի հրահանգ ստացած էր Սերգիսեն։

− Ատանկ խոսքեր մի ըներ, աղջիկս,− շարունակեց քահանան.− նախ՝ ձեզի սա ըսեմ, որ Ղուկաս էֆենտի բնավ երբեք չընդունիր, որ ձեզի հետ ոևէ հարաբերություն ունեցած է ու իրմե զավակ ունեցած ես… աս բանը երբեք ընդունելի չէ, գիտցած ըլլաք, և եթե այս տեսակ հայտարարություններ կկրկնեք, գլխնուդ մեծ փորձանք կբանաք հա, ու տասը փարա չանցնիր ձեոքերնիդ։

− Եթե անիկա իրեն զավակը չընդունիր կոր նե՝ ինչո՞ւ համար մեզի դրամ տալ կուզե,− առարկեց աղջկան մայրը։

− Միմիայն բարեսրտաբար, տիկին, միմիայն բարեսրտաբար,− գոչեց Տ. Կիրակոս,− իմ աղաչանքներուս վրա և ոչ թե ուրիշ բանի համար․․․ արդեն տալիքն ալ այնքան մեծ բան մը չէ, գիտցած ըլլաք, քանի մը ոսկի, որպեսզի կարի մը մեքենա առնեք ու ապրվիք, անկե զատ ձեր մեկ քանի ամսվան ապրուստը, ան ալ շատ դժվարությամբ համոզեցի, սանկ 20−30 ոսկի մը, որ շատ մեծ բան է ձեզի համար… Միայն թե մեկ պայմանով կուտա կոր այս գումարը. ես թուղթ մը պիտի պատրաստեմ, դուք ալ պիտի ստորագրեք թե երբեք Շուշանիկը Ղուկաս էֆենտիի հետ հարաբերություն չէ ունեցած, ոչ ալ անկե զավակ ունեցած է, այլ ատ խոսքերը զուտ զրպարտություն են… առանց այդ թուղթին մեկ փարա չի տալե զատ, ձեզի դեմ ալ դատ պիտի բանա իբրև զրպարտիչ, ալ դուք մտածեցեք, որոշումնիդ տվեք․․․

− Ես ոչ թուղթ կստորագրեմ, ոչ ալ 30, 50, 100 ոսկիով իրավունքես կհրաժարիմ, թող ինչ կուզե ընե, դատ բանա, բանտ դնե․․․ արդեն ես կյանքես զզվեր եմ,− ըսավ Շուշանիկ վճռաբար։

− Ինչ հիմար խոսքեր են ատոնք,− շարունակեց քահանան.− ես ձեզ առանց ճանչնալու բարիք մը ընել կուզեմ և դուք փոխանակ շնորհակալությամբ և երախտագիտությամբ ընդունելու, մերժել կուզեք ու անվայել խոսքեր կընեք։