Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/229

Այս էջը հաստատված է

− Ես կուզեմ, որ այդ անխիղճ մարդը իր զավակին ապագան ապահովե և ոչ թե քանի մը ոսկի իբրև ողորմություն մեր երեսին նետե,− պատասխաներ Շուշանիկ։

− Աղջիկս, 30 ոսկին քի՞չ փարա է միթե, ասկե զատ եթե խնդիրը միմիայն դրամին վրա է, բան մը կընենք, ես կրկին կբարեխոսիմ էֆենտիին քով, թող 30-ին տեղ 40 տա, ատոր ըսելիք ունի՞ք։

Մայր ու աղջիկ անմիջապես չպատասխանեցին և պահ մը լռություն տիրեց փոքրիկ սենյակին մեջ։ Քահանան այնպես կարծեց, թե համաձայնության վայրկյանը հասնելու վրա էր և ներքին անպատում հրճվանք մը զգաց այսքան հաջողությամբ գործը գլուխ հանելուն համար։ «Եթե հիսունով լմնցնեմ նորեն շատ աղեկ,− կխորհեր,− քանի որ էֆենտին մինչև 150 ոսկի տալու տրամադիր է։ Հարյուր ոսկին իրեն վաստակցուցած կըլլամ, և անշուշտ այդ հարյուր ոսկիեն ինծի մեծկակ բաժին մը կհանես»։

Եվ այս մտածմունքով ուզեց անոնց հետին վարանումներուն առաջքը առնել։

− Այդպես ահա, ես իբրև ձեր բարեկամը կխոսիմ ե ոչ թև Ղուկաս էֆենտիի կողմե։ Այսինքն իբրև աղքատներու դատին պաշտպան և ոչ թե հարուստներու փաստաբան։ Իրավ է, որ էֆենտին բացարձակապես ըսավ, թե 30 ոսկիեն ավելի դրամ չուզեր տալ, սակայն ես հանձն կառնեմ զինքը համոզելու, աղաչելու, պաղատելու, և եթե պետք ըլլա, ոտքերը իյնալու, որպեսզի այդ գումարը բարձրացնե մինչև 40-ի և գուցե 50 ոսկիի. ալ ասոր ըսելիք չմնար, 50 ոսկին փառավոր դրամօժիտ մըն է, այդքան գումարով կրնաս նույնիսկ պարկեշտ արհեստավորի մը հետ ամուսնանալ, տուն ալ կազմել, պատվով ապրիլ, ես ձեզի կխոստանամ նույնիսկ հարմար մեկը գտնել, որ հավանի զավակդ ալ ընդունելու… շատ իրավունք ունիք 30 ոսկիով չգոհանալու, հարուստ մարդ է, թող քիչ մը ավելի տա, եթե բարիք ընել կուզե… դուք անհոգ եղեք, ես ամեն բան կընեմ։ Անկե 50 ոսկի կբրցնեմ։ Հիմա, աղջիկս, թուղթ, գրիչ ու մելան բեր ու աս գրելիքնիս գրենք ու դուն ալ ստորագրե, լմնցնենք, որովհետև կվախնամ, որ էֆենտին միտքը կփոխե, պետք է բարի տրամադրութենեն օգուտ քաղել։ Հայտե, աղջիկս, սա թուղթ գրիչը բեր, որովհետև շատ ժամանակ չունիմ, ուրիշ գործեր ալ կան տեսնելիք…

− Ուրեմն պարապ տեղը հոս ժամավաճառ մի ըլլաք,− պատասխանեց