կա։ Գարեգինի ու Սաթենիկի մասին անգամ մը գացի հետը տեսնվեցա. անշուշտ զիս տեսնելուն պիտի հիշե այդ այցելությունս և գուցե ինքնությանս մասին կասկածի, հարկ է խոհեմությամբ շարժիլ…
Խոհեմությունը սակայն Սերգիսի գլխավոր առաքինությունը չէր, ընդհակառակը հախուռն ու համարձակ գործունեությունն էր իր սովորական վարվելակերպը։
Ինքզինք ծանրեն ծախելու համար, անմիջապես չգնաց Ղուկաս էֆենտիի քով, նախ իր գործատեղին հանդիպեցավ և մինչև կեսօր հոն մնաց։ Կեսօրեն ետք միայն անցավ Պոլիս և ուղղվեցավ մեր վաճառականին գրասենյակը։
− Էֆենտին հո՞ս է,− հարցուց գրասենյակին ծառային։
− Այո։
− Ըսեք իրեն, որ Փանկալթիեն մեկը եկած է, զինքը տեսնել կուզե։
− Շատ աղեկ, հոս սպասեցեք քիչ մը։
Վայրկյանե մը ծառան վերադարձավ։
− Հրամմեցեք, էֆենտին ձեզի կսպասե,− ըսավ։
Սերգիս ծառային ընկերությամբ մտավ այն գրասենյակը, ուր Ղուկաս էֆենտի իր սեղանին առջև նստած կսպասեր։
− Բարև ձեզ,− ըսավ երիտասարդը հնչուն շեշտով մը։
− Բարև,− պատասխանեց վաճառականը, գլուխը վեր առնելով ու պիշ պիշ նայելով նորեկին։
Առաջին ակնարկեն իսկ ճանչցավ զայն և անմիջապես ըսավ․
− Մյուսյու, կարծեմ թե սխալմունք մը կա, ես Փանկալթիեն եկող մարդուն համար ըսի որ ներս հրամցնեն։
Եվ ծառային դառնալով գոչեց․
− Ծո՛, ես քեզի ի՞նչ ըսի։
Բայց Սերգիս, առանց ծառային խոսք ձգելու միջամտեց.
− Ղուկաս էֆենտի, սխալմունք չկա, Փանկալթիեն եկող մարդը ես էի, ծառային հետ ձեզի լուր ղրկեցի։
− Բայց իմ սպասածս ուրիշ մարդ էր,− պնդեց վաճառականը, որ խիստ լավ կհիշեր թե այդ երիտասարդը իրեն ներկայացած էր իբրև Գարեգինի և Սաթենիկի բարեկամը, բայց ոչ երբեք Շուշանիկի ազգականը։
− Շուշանիկի մորեղբայրը չէի՞ք սպասեր,− ըսավ Սերգիս թեթև ժպիտով մը։