իր ծնողքին հետ Եվրոպա ճամփորդած և մեկ քանի ամիս Փարիզ անցուցած էր։ Իսկ իրենց Ռոզիկը ավելի անգլիերենի մեջ քաջ էր։ Այս մանրամասնությունները ծանրակշիռ համեմատություններ կառնեին իրենց մտքին մեջ։ Ու հետո, Աբգար Սմսարյան ավելի հարուստ էր, աղջիկ մը և մանչ մը միայն ունեին և կրնար, ի պահանջել հարկին, 7-8 հազար ոսկի դրամօժիտ տալ աղջկանը։
Խեղճ Թագուհի հանըմին քունը չտարավ մինչև առտու։
Արդյոք անոնք ալ իրենց աղջիկը Լևոնին տալու կաշխատեի՞ն, կմտածեր, արդյոք արդեն աղջիկնին ցույց տվա՞ծ են… բայց այն ատեն ինչո՞ւ համար այնքան սիրալիր վերաբերում մը ունեցած էին Լևոն և իր մայրը՝ իրենց հետ։
− Վաղը ամեն բան պելլի կըլլա,− վճռեց վերջապես:
Ղուկաս էֆենտին ալ իր կնոջ չափ մտատանջության մատնված էր, բայց իբրև էրիկմարդ ավելի պաղարյուն ու կորովի, փոխանակ անձկության մատնվելու, կռվի կպատրաստվեր, հաղթահարելու համար թշնամին, եթե հարձակում գործեր:
− Եթե իմանամ որ այս գործին մեջ քիթերնին խոթել կուզեն կոր, իրավ որ բոլոր փիսություննին մեջտեղ կհանեմ,− հայտարարեց Ղուկաս էֆենտի իր կնոջ, երբ առտուն կրկին խոսք բացվեցավ Աբգար էֆենտիի և իր աղջկան մասին։
Բայց այս մարտաշունչ սպառնալիքը կարող չեղավ մեղմել կամ հանդարտեցնել կնոջ մտատանջությունները, որովհետև, տիկին Թագուհի կզգար, որ եթե զիրար աղտոտելով պիտի պայքար մղեին, Սմսարյանի ձեռքն ալ բավական զորավոր զենքեր կար իրենց դեմ գործածելու համար։ Երկու ընտանիքները մտերիմ հարաբերություններ կմշակեին իրարու հետ։ Գրեթե ընտանեբար կտեսնվեին տարիներե ի վեր, հետևաբար զիրար աղեկ կճանչնային… ավելի լավ էր խնդիրը այդ տեղվանքը չիգար, և ասոր լավագույն միջոցն էր անմիջապես նշանտուքը և հարսնիքը ընել լմնցնել, առանց միջոց տալու, որ ուրիշներ մրցակից հանդիսանան։
− Իշալլահ այսօր խոսքը կլմնցնենք, հինգշաբթի նշանտուքը կընենք, քանի մը շաբաթեն ալ հարսնիքը,− եզրակացուց տիկին Թագուհի,− մեյ մը որ նշանտուքը ծանուցվի, ալ ամեն մարդ հույսը կկտրե և մեզի հանգիստ կթողուն։
− Այնպես է, բայց խնդիրը այսօր վաղը ընելուն վրա է,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, և աս ալ աղջկանդ ձեռքն է, թող