Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/260

Այս էջը հաստատված է

տաճկերեն երգ մը երգել, մինչ վաճառականը, Երանիկի քով նստած, անընդհատ կստիպեր զայն օղիի գավաթը պարպելու։

Հայտե նայինք, հիմա կարգը քուկինդ է,− ըսավ Քերովբե էֆենտի, երգը լմնցնելով։

Երանիկ նորեն վարանեցավ, առարկեց թե հարբուխ եղած է, անհանգիստ է, երգելու տրամադրություն չունի։

− Բան մըն ալ չունիս. պարզապես նազ կընես կոր,− գոչեց Ղուկաս էֆենտի, սրտնեղած դեմքով մը ոտքի ելլելով։

Քերովբե էֆենտի, ինքն ալ դանդաղելով ոտքի ելավ, Երանիկի քով եկավ և օղիի գավաթը լեցնելով անոր տվավ։

− Տիկին, օղի մըն ալ խմեցեք ու այն ատեն անհանգստություննիդ բոլորովին կանցնի,− պնդեց գավաթը երկարելով։

− Շնորհակալ եմ, շատ խմեցի։

− Չէ, անպատճառ պիտի խմես, իմ ձեռքես տակավին չխմեցիր… հոգ մի ըներ, Ղուկաս էֆենտին չնախանձիր, անանկ չէ՞։

Եվ Քերովբե էֆենտի իր բարեկամին նայեցավ։

− Ես չեմ խառնվիր, կուզե խմե, կուզե չխմե,− պատասխանեց վաճառականը նույն սրտնեղած դեմքովը,- արդեն այս իրիկուն չեմ գիտեր ինչ է եղեր, կարծես դիտմամբ կընե կոր, որ մեր քեյֆը հարամ ըլլա։

− Եթե ինծի համար է ձեր բռնած այս ընթացքը, ես ահա կերթամ,− ըսավ Քերովբե՝ Երանիկի դառնալով։

Երանիկ՝ նեղված՝ օղիին գավաթը առավ և մի ումպ պարպեց։

− Կեցցես,− գոչեց Քերովբե էֆենտի ուրախությամբ,− տեսա՞ր մի, հիմա հաշտվեցանք։


Հետո, Ղուկաս էֆենտիին դառնալով՝ որ միշտ հեռու կկենար քեն ըրածի դեմքով, շարունակեց։

− Հիմա դուն ալ եկուր, քովերնիս նստե, մեյ մեկ հատ ալ երեքս միասին ճնկենք, որպեսզի հաշտությունը կատարյալ ըլլա։

Վաճառականը մոտեցավ, գավաթները կրկին լեցուն և ի նշան կնքված հաշտության՝ իրարու զարնելե ետքը պարպվեցան։

− Կարծեմ կերակուրին ատենը եկավ, եթե կուզեք, սեղան նստինք,− ըսավ Երանիկ վերջ մը տալու համար օղիին։

Բայց Քերովբե էֆենտի համառեցավ։

− Մինչև որ երգ մը չերգես, սկե հունա չեմ երթար,− հայտարարեց բազմոցին վրա փռվելով։

− Դուն ալ այս իրիկուն ամմա նազ ըրիր, հա,− ըսավ վաճառականը