Անշուշտ, վայրկյան մը չպիտի հանդուրժեր այս կյանքին ու պիտի առներ քալեր, եթե նյութական միջոցներ ունենար։ Նույնիսկ հոժարակամ պիտի երթար Սամսոն՝ էրկանը քով, ուր տասը ոսկի ամսականով կրնար ապրիլ, սակայն ինք գիտեր, որ այդ դրամը միմիայն էրիկեն բաժնելու համար կտրվեր իրեն և թե կրնար Ղուկաս էֆենտի, իր ազդեցությամբը, զայն գործեն հանել տար։ Երանիկ չէր գիտեր բուն իրականությունը, այսինքն թե՝ իր էրկանը ամսականին մեծ մասը Ղուկաս էֆենտիի կողմե վճարվիլը։
− Ինչ որ ալ ըլլա,− խորհեցավ ինքնիրեն,− պետք է այս վիճակեն դուրս ելլել, քանզի անկարելի է այսպես շարունակել։
Երկու օր ետքը Ղուկաս էֆենտի կրկին եկավ, այս անգամ առանձին։ Երանիկ սովորականեն տարբեր, պաղ ընդունելություն մը ըրավ իրեն, մերժելով վաճառականին հայրատ գգվանքները։
− Ի՞նչ ես եղեր այսօր,− հարցուց այս վերջինը, զարմացած երևույթով մը։
− Երկու օրե ի վեր անհանգիստ եմ,− պատասխանեց Երանիկ։
Հետո ավելցուց լրջորեն․
− Ղուկաս էֆենտի, քեզի խոսք մը ունիմ։
− Ըսե տեսնենք,− պատասխանեց վաճառականը անտարբեր։
− Այս վիճակը այսպես չեմ կրնար շարունակել, գեղին մեջ ամենուն բերանը ինկած եմ, դուրս ելլելու կամչնամ կոր։
− Աման դուն ալ, ասոր անոր խոսքին ի՞նչ կարևորություն կուտաս, դուն քիչ քեյֆիդ նայե․ այդ բամբասողները քեզ կարոտության մեջ տեսնան նե, տասը փարա կուտա՞ն։
− Ատոնք պարապ խոսքեր են, մարդ միմիայն փարայի համար չապրիր, քիչ մըն ալ պատիվը գիտնալու է։
− Էյ, աղեկ, ի՞նչ ընել որոշեցիր նայինք, − հարցուց էֆենտին հեգնական շեշտով մը։
− Ի՞նչ պիտի որոշեմ, ամենեն պարզ ու բնական բանը, կելլամ Սամսոն, էրկանս քով կերթամ, հոն տասը ոսկիով շատ աղեկ կրնանք ապրվիլ։
− Խելքդ սիրեմ, որ Պոլիս պիտի թողուս ու երթաս Սամսոնի պես քաղաքի մը մեջ փակվիս մնաս։
− Քանի որ էրիկս հոն է, ես ալ կրնամ երթալ։
− Կերևա որ մեկեն ի մեկ էրիկդ կարոտցար,− ըսավ Ղուկաս էֆենտի խնդալով։