Երանիկ բարկաթենեն շառագունեցավ, բայց չկրցավ պատասխան մը գտնել և գլուխը ծռեց։
Հետևյալ առտուն, վաճառականին մեկնելեն ետքը, Երանիկ դարձավ իր սևեռուն գաղափարին։
− Այս մարդը գուցե կստե,− մտածեց ինքնիրեն,− և էրկանս համար ըսածները ճշմարիտ չեն, այլ միայն զիս խաբելու համար հնարած․ պետք է որ ես առանձին խոսիմ Քերովբե էֆենտիին հետ և ամեն բան հասկնամ… այն ատեն կրնամ ընելիքս որոշել։
Ղուկաս էֆենտի առտուն մեկնած ատեն իմաց տված էր, որ հառաջիկա անգամ գալուն հավանորեն իր հետ պիտի բերեր Քերովբե էֆենտին և պատվիրած էր Երանիկի սիրալիր ընդունելություն մը ընելու և նախորդ անգամվան ընթացքը չի բռնելու։ Երանիկ, որ արդեն իսկ որոշած էր դիմում ընելու Քերովբե էֆենտիի, առանց դժվարության հավանություն հայտնեց, ըսելով.
− Քանի որ բարեկամդ է և դուն ալ կփափաքիս, որ լավ ընդունելություն ընենք իրեն, ես ալ ձեռքես եկածը պիտի ընեմ։
Այս համակերպությունը քիչ մը զարմացուցած էր վաճառականը, որ ընդհակառակը ընդդիմություն կսպասեր քենիին կողմե, բայց հետո ինքնիրեն բացատրեր էր այդ համամտությունը։
− Կերևա որ մտածեր է, էրկանը մասին ըսածներս իրենց ազդեցությունը ըրեր են և զգացեր է, որ ըմբոստությամբ գործ չտեսնվիր։
Երբ երկու օր ետքը վաճառականն ու Քերովբե էֆենտի եկան Սարը Յար, Երանիկ՝ իր խոստումին հավատարիմ, շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ իր քեռայրին բարեկամին, որ հիացած մնաց կնոջ իր նկատմամբ ցույց տված այդ համակրանքներեն, որոնք չէին համապատասխաներ նախորդ այցելության միջոցին անոր բռնած վերապահ դիրքին։
Նույնիսկ օղի խմելու կամ երգ երգելու համար այս գիշեր Երանիկ դժվարություն չհայտնեց։ Անտրտունջ կրեց Քերովբե էֆենտիի շվայտ ակնարկությունները և թույլ տվավ, որ անշնորհք կատակներ ընե իրեն հետ։
Ղուկաս էֆենտի աչք կգոցեր այդ անցուդարձեն և բնավ նախանձ զգալու երևույթը չուներ։ Ան ալ իր մասնավոր ծրագիրը ուներ և այդ ծրագրին իրագործմանը համար նպաստավոր կհամարեր իր քենիին ու բարեկամին միջև գոյացած համակրական հարաբերությունները։