Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/267

Այս էջը հաստատված է

Իր կինը, տիկին Թագուհի, հավանորեն քիչ ատենեն պիտի վերադառնար։ Ռոզիկ արդեն իսկ մանչ մը ծնած էր և մայրը՝ մեկնելու համար կսպասեր իր աղջկան անկողնեն ելլելուն, այնպես որ մեկ երկու շաբաթեն Ղուկաս էֆենտիի ամուրի կյանքը վերջ պիտի գտներ։ Արդ, այս հեռապատկերին հանդեպ վաճառականը կուզեր այժմեն իր պատրաստությունները տեսնել։ Իր նպատակն էր քենին Քերովբե էֆենտիին գլուխը փաթթել և միևնույն ատեն զայն ուզած ատեն գործածել իր հաճույքին։ Ահա ասոր համար հաշտ աչքով կնայեր իր քենիին ու բարեկամին սիրալիր վերաբերումին։

Միջոց մը, երբ Քերովբե էֆենտին ու Երանիկ առանձին մնացին, այս վերջինը ըսավ.

− Էֆենտի, ձեզի հետ լուրջ ու կարևոր խնդրի մը համար տեսակցիլ կուզեմ։

− Ամենայն հաճույքով, երբ որ ուզես,− պատասխանեց մյուսը,− խնդիրը ի՞նչ բանի վրա է։

− Ծառայություն մը պիտի խնդրեմ։

− Ուրեմն կրնաս վստահ ըլլալ, որ հիմակվանե խնդրանքդ ընդունված ու կատարված է։

− Շնորհակալ եմ, միայն թե այս մասին Ղուկաս էֆենտին բան մը գիտնալու չէ։

− Անոր համար ալ կրնաս ապահով ըլլալ։

− Ես վազը կուգամ ձեր գրասենյակը և հոն առանձին կտեսնվինք։

Եվ Երանիկ Քերովբե էֆենտիի գործատեղիին հասցեն ուզեց, զոր այս վերջինը անմիջապես հաղորդեց։

− Ե՞րբ պիտի գաս, ըսե, որ ըստ այնմ պատրաստ ըլլամ և պետք եղած կարգադրությունները ընեմ, որպեսզի առանձին գտնվինք։

− Կեսօրեն ետքը, ժամը երեքին միջոցները,− պատասխանեց Երանիկ,− միայն թե՝ կկրկնեմ, չըլլա, որ այս մասին Ղուկաս էֆենտին բան մը իմանա։

− Անհոգ եղիր…

Քերովբե էֆենտի կուզեր ավելի մանրամասնություններ հասկնալ այս անակնկալ ու խորհրդավոր այցելության մասին և ասոր համար կպատրաստվեր հարցումներ ուղղել, երբ Ղուկաս էֆենտի ներս մտնելով, հարկ եղավ վերջ դնել այս խոսակցության։

Երբ Ղուկաս էֆենտի իր քենիին հետ առանձնացավ ննջասենյակը,