Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/273

Այս էջը հաստատված է

− Վայ, ի՞նչ բանի համար։

− Սամսոն պիտի երթա տե՝ այդ մասին եկավ հետս տեսնվելու և հասկնալու համար, որ էրիկը իր պաշտոնին մեջ հաստատ պիտի մնա՞։

− Էյ, դու ի՞նչ ըսիր։

− Ըսի որ, խնդիրը իմ կամքես կախում ունի, քանի որ իմ պաշտոնյաս է…

− Էյ, ե՞տքը,− հարցուց Ղուկաս էֆենտի ծիծաղելով։

− Վերջապես երկար բարակ տեսակցութենե ետքը, խոսք տվի, որ էրիկը իր պաշտոնին վրա պիտի մնա միայն թե ինքն ալ իր փոխարեն իմ խնդիրքս չպիտի մերժե…

− Է, գոնե այդ մասին համաձայնեցա՞ք։

− Քիչ մը դժվարություն ըրավ, բայց վերջը համաձայնեցավ, արդեն ուրիշ կերպ չէր կրնար ընել, մեյ մը թակարդը ինկած էր,− ըսավ Քերովբե էֆ. քահ-քահ մը ձգելով։

− Լավ, բայց հիմա խոստումդ ի՞նչպես պիտի պահես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− տասը ոսկին դուն գրպանե՞դ պիտի տաս․․․

− Ճիշտ ատոր համար ուզեցի քեզ տեսնել, որպեսզի ինծի խելք մը սորվեցնես այդ դժվարության մեջեն ելլելու համար, մանավանդ որ, եթե իր խոսքին նայինք, այսօր վաղը ճամփա ելլելու միտք ունի․․․ բայց խոսքը մեջերնիս, աղվոր պատառ է եղեր, ըսելիք չի կա, մեղք պիտի ըլլա, եթե ձեռքե փախցնենք։

− Այդ մասին անհոգ եղիր, տեղ մըն ալ չկրնար երթալ անիկա։

− Բայց իմ խոստո՞ւմս․․․

− Թող քու խոստումիդ վրայեն ջուր մը խմե։

− Ղուկաս էֆենտի, եկուր սա կնկա փափաքը կատարենք, թող ելլա Սամսոն երթա, քանի մը ամիս մնա, արդեն անկեց ավելի չկրնար մնալ հոն, ետքը ուզե չուզե նորեն հոս պիտի գա, գոնե ես պզտիկ մնացած չեմ ըլլա։

− Թող երթա էֆենտիմ, ո՞վ արգելք կըլլա իրեն, դուն ալ փարա շատ ունիս նե՝ էրկանը ամսականները վճարե, նույնիսկ եթե կուզես, հավելում մըն ալ ըրե, քու գիտնալիք բանդ է։ Ես ձեռքերս կլվամ ու կքաշվիմ։

Քերովբե էֆենտի զգաց թե անկարելի պիտի ըլլա Ղուկաս էֆենտիին համոզել, ուստի խոսքը փոխեց։