Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/274

Այս էջը հաստատված է

Ճանըմ, հիմա վազ անցիր այս խոսքերեն, հիմակուհիմա քիչ մը ատեն ալ զինքը կխաղցնենք, այսօր վաղը կըսենք, նայինք ինչ կըլլա։

− Աղեկ, աղեկ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ արդեն իր ծրագիրը պատրաստած էր մտքին մեջ։

Հետևյալ իրիկուն իսկ վաճառականը գնաց Սարը Յար, իր քենիին տունը։

− Սնտուկներդ կապեցի՞ր, թեզքերեդ շնել տվի՞ր,− հարցուց երբ առանձնացան։

− Ղուկաս էֆենտի, հազար անգամ աղաչեցի, որ այդ մասին հետս կատակ չընես, և եթե զիս չես հարգեր, գոնե քրոջս համար, թող որ միտքս դրածը գործադրեմ, որովհետև այս կյանքը անկարելի է շարունակել…− աղաչեց խեղճ կինը՝ պաղատագին շեշտով մը։

Բայց վաճառականը այդ տեսակ խոսքերե հուզվող մարդ չէր և պաղարյունությամբ պատասխանեց.

− Կատակ չեմ ըներ կոր, միայն թե քիչ մը ցավ զգացի, որ վերջնական որոշումը տալեդ ետքը, փոխանակ ինծի հայտնելու, գացեր Քերովբե էֆենտիին հայտներ ես… բայց ասոր համար ալ քեզի դեմ քեն չեմ պահեր… արդեն իրավունք ունիս այդպես ընելու, քանի որ Քերովբե էֆենտի էրկանդ չորպաճին է…

− Ի՞նչ, մեր տեսակցության մասին քեզի խո՞սք բացավ,− հարցուց Երանիկ թեթևորեն կարմրելով։

− Հապա, երեկ խեղճ մարդն խելքը գլխեն թռցուցեր է վազելով վրաս եկավ ամեն բան պատմեց, բերնին ջուրերը վազցուցեր ես․․․

Եվ Ղուկաս էֆենտի չարաճճի ակնարկ մը ուղղեց իր քենիին, որ շփոթությունը ծածկելու համար գլուխը մեկ կողմ դարձուց․ հետո տեսնելով որ լռությունը իրեն հանցավորի մը երևույթ պիտի տար, ըսավ.

− Այո, գացի Քերովբե էֆենտիին տեսա, բայց խելքը գլխեն թռցնելու, բերնին ջուրերը վազցնելու բան չի կա, պարզապես ուզեցի հասկնալ, որ էրիկս որո՞ւ պաշտոնյան է, ամսականը ուրկե կառնե. ան ալ պատասխանեց, որ իր պաշտոնյան է, թե գործեն գոհ է և թե ամսականը ինք կվճարե։ Մինչդեռ դուն ուրիշ կերպով պատմեցիր գործը։

− Կներես, քեզի խաբեցի,− պատասխանեց վաճառականը,–