Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/275

Այս էջը հաստատված է

ի՞նչ ընեմ, քեզի այնչափ կսիրեմ, որ երբոր Սամսոն երթալու դիտավորություն հայտնեցիր, խելքս գլխես գնաց, բերնիս եկածը ըսի։ Հիմա քեզի ավետիս մը տա՞մ․․․

− Ի՞նչ ավետիս,− հարցուց Երանիկ կասկածոտ շեշտով մը։

− Սամսոն երթալուդ պես, էրկանդ ամսականը կավելնա կոր, գիտցած ըլլաս, երեկ Քերովբե էֆենտին այնպես ըսավ… երկու ոսկի հավելում պիտի ընե եղեր։ Կարծեմ եթե այցելություն մըն ալ տաս, փոխանակ երկուքի՝ չորս ոսկի հավելում կըլլա ամսականին վրա։

Վաճառականին այս վերջին խոսքերը բոլորովին խռովեցին Երանիկը, որ սկսավ վախնալ, թե իր ու Քերովբե էֆենտիի միջև անցած բոլոր մանրամասնություններուն տեղյակ էր քեռայրը։ Եվ սակայն ուզեց ամեն բան հասկնալ և ստիպել Ղուկաս էֆենտիին, որ իր բոլոր գիտցածները ըսեր, ուստի պատասխանեց.

− Չեմ գիտեր ի՛նչ ըսել կուզես, լեզվիդ տակը բան մը կա, զոր բացն ի բաց չես ուզեր կոր հայտնել… եթե ըրած այցելությանս մասին է, արդեն բացատրեցի թե ինչու համար գացեր էի Քերովբե էֆենտիի գրասենյակը, և, կարծեմ, ըրածիս մեջ անվայել բան մը չկար։

− Բնավ երբեք, ո՞վ ըսավ թե անվայել բան է ըրածդ, գացեր էրկանդ ամսականը ապահովեր ես… հիմա դուն ե՞րբ ճամփա ելլելու միտք ունիս, ինծի ան ըսե։

− Եթե հրաման տաս, Ղուկաս էֆենտի,− պատասխանեց Երանիկ ձայնը անուշցնելով, − ես կուզեմ, որ քույրս հոս չեկած մեկնիմ, լավագույնը այս կըլլա, թե ինծի և թե քեզի համար, կխնդրեմ այս մասին մի հակառակիր ինծի, մտածե, որ աղջիկ զավակ մը ունիմ, որուն անունը պետք չէ արատավորվի օր մը իր մոր պատճառով… քո աղջիկներուդ սիրույն թող տուր, ես երթամ։

Խեղճ կինը սկսավ արտասվել։ Իրավցնե խղճի խայթ մը, ամոթ մը կզգար իր վիճակեն և կուզեր որ ժամ առաջ վերջ տար իր վարած կյանքին և ճիշտ ասոր համար, առջի օր Քերովբե էֆենտիի գրասենյակին մեջ, հանձն առած էր վերջին զոհողություն մը ընել, անձնատուր ըլլալով անոր քմահաճույքին։ Հիմա սոսկումով կմտածեր, որ գուցե այդ մարդն ալ, հակառակ իր խոսքերուն, չարաչար խաբած էր զինքը կարգ մը խոստումներով։

− Ձգեցեք, որ երթամ, ձգեցեք որ երթամ,− կհեկեկար, ձեռքերը՝ աղաչավոր՝ դեպի Ղուկաս էֆենտին ուղղելով։