Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/276

Այս էջը հաստատված է

Վաճառականը, որչափ ալ քարասիրտ, չկրցավ երկար ատեն անտարբեր մնալ իր առջև պարզվող տեսարանին։

− Շատ աղեկ, Երանիկ, թող ուզածիդ պես ըլլա, վաղվընե պատրաստություններդ տես, և ուզած օրդ ալ ճամփա ելիր, միայն թե հանդարտե ու պարապ տեղը ինքզինքդ այդպես մի հուզեր։

− Իրա՞վ կըսես, այլ երթալուս չպիտի հակառակի՞ս,− գոչեց կինը։

− Ինչո՞ւ հակառակիմ, միթե սերը բռնի կրնա՞ ըլլալ, քանի որ էրկանդ քով երթալ կուզես կոր, թող կամքդ ըլլա, նույնիսկ կխոստանամ ճամփու ծախքդ ալ վճարել…

− Շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի,− ըսավ Երանիկ երախտագետ ձայնով մը։

Հետևյալ առտու, Երանիկ կրկին խոսք բացավ իր մեկնումին մասին և ուրախությամբ տեսավ, որ քեռայրը նույն տրամադրության մեջ էր միշտ, այսինքն ոևէ առարկություն չէր ըներ իր Սամսոն երթալուն ընդհակառակը զայն քաջալերեր կթվեր։

− Կերևա, որ քրոջս մոտ օրեն գալու պատճաոավ, ինքն համոզված է, որ իմ երթալս անհրաժեշտ է,− մտածեց ինքնիրեն։

Եվ ուրախ եղավ, որ խնդիրը այս կերպով իր փափաքածին պես կլուծվեր։

− Ուրեմն այսպես,− ըսավ Ղուկաս էֆենտի, տունեն մեկնելու միջոցին,− քանի որ որոշած ես և կուզես, որ Սամսոն՝ էրկանդ քով երթաս, շատ աղեկ, պատրաստություններդ տես, որ քեզ ճամփա դնենք։

Ու այս բարի տրամադրությամբ ճամփա ելավ։

ԳԼՈՒԽ ԺԵ

Երկու օր վերջը Ղուկաս էֆ․ իր կնոջմեն, տիկին Թագուհին նամակ մը ստացավ։

«Գալ երկուշաբթի ճամփա կելլամ արևելյան ճեպընթացով, Պոլիս վերադառնալու համար, ուր կհասնիմ երկուշաբթի առտու,– կծանուցաներ կինը նամակին մեջ,– կհուսամ, որ մինչև կայարան կուգաս զիս դիմավորելու»։

Հետո, տիկին Թագուհի տեղեկություններ կուտար իր աղջկան ու փեսին վրա, որոնք միշտ իրարմով երջանիկ էին և միևնույն ատեն կծանուցաներ, որ աղջկան տղաբերքը խիստ հաջող կերպով