է մանչուն մասին, ասկե զատ, նայինք կինս աղջիկը հեռու տեղ հարս տալ կուզե՞… չե՞ս գիտեր, մեր կիները քիչ մը տարօրինակ են… եթե ծառայություն մը ընել կուզես մեզի, առայժմ ուրիշի խոսք մի բանար, լավ մը տեղեկություն առնենք իրենց մասին և եթե լսածնուս պես պատվավոր երիտասարդ մըն է, ինչո՞ւ չէ, կրնանք աղջիկնիս տալ… միայն թե, կկրկնեմ, առայժմ ուրիշին բան չըսես…
− Ուրիշին ինչո՞ւ պիտի ըսեմ, ամուսնանալու դիտավորություն ունենալը լսածիս պես, առաջին անգամ Ռոզիկս միտքս ընկավ, մեյ մը երթամ Թագուհի հանըմին հետ խոսիմ, ըսի… գիտես թե որչափ կսիրեմ Ռոզիկը։
− Շատ շնորհակալ եմ, տեր հայր, կխորհինք և քանի մը օրեն վերջնական պատասխան մը կուտանք… Ե՞րբ տեսար Լևոն Կոկիկյանը:
− Շաբաթ առտու գացի իրեն։
Տ. Միքիաս պարզապես կստեր, նույն առտուն իսկ գացած էր Պրիսթոլ պանդոկը և նույնիսկ Լևոնի մորմեն տեղեկացած էր թե առջի օր աղջիկտեսի եկած էին Կելկիթյանենց և թե նույն օրն ալ փոխադարձ այցելության կսպասեին։ Ինք եկած էր պարզապես Ղուկաս էֆենտիին բերանը փնտռելու և տեսնելու համար թե անկեղծորեն ամեն բան պիտի պատմեին իրեն և իր աջակցությունը պիտի խնդրեի՞ն գործը դյուրավ գլուխ հանելու համար։
Հիմա Ղուկաս էֆենտիի խոսքերեն հասկցավ թե առանց իրեն կուզեին աղջիկը նշանել, այսինքն չէին ուզեր նյութական բաժին հանել իրեն ամուսնական գործե մը՝ որուն նմանը հաճախ չէր պատահեր։ Տ. Միքիաս հայր որոշած էր սրտանց աշխատել գործին հաջողության, եթե իր աջակցությունը չմերժեին, բայց այժմ որ իր ծառայության պետք չէին տեսներ, ինքն ալ ինքզինք ազատ կզգար ուզածին պես գործելու։
− Ուրեմն, այսպես,− ըսավ Ղուկաս էֆենտի,- առայժմ խոսք մը չընենք։
− Այո, այո,− պնդեց մյուսը,− քանի մը օր համբերենք։ Հետո, եթե պետք ըլլա, մենք քեզի լուր կուտանք։
Տ. Միքիասը պատրաստվեցավ մեկնելու, բայց նույն միջոցին սպասուհին սուրճ բերավ, ուստի պարտավորվեցավ այցելություն քիչ մը ևս երկարելու։
− Ես այդ Կոկիկյանի մասին բավական տեղեկություն առի,−