Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/281

Այս էջը հաստատված է

թե կրնամ ճամփորդել և թե քանի մը ամիս ապրվիլ, եթե երբեք ամուսինս գործեն հանեն․․․ այդ քանի մը ամսվան մեջ աստված ողորմած է, եթե պետք ըլլա՝ ես ալ կաշխատիմ, վերջապես ամեն բան աչքս կառնեմ, բայց ոչ երբեք հոս մնալ ու այս աղտոտ կյանքը շարունակել…

Մինչև իրիկուն այս մտածումով անցուց։

− Երկուշաբթի առտու կերթամ գոհարեղեններս կծախեմ, շոգենավին տոմսակն ալ կառնեմ, կլմնցնեմ,− որոշեց։

Իրիկունը, ուշ ատեն, Ղուկաս էֆենտի եկավ, ժպտուն ու հաղթական դեմքով մը, ջանալով նամակին ազդեցությունը կարդալ Երանիկի դեմքին վրա, բայց այս վերջինը բոլորովին գտած էր իր պաղարյունությունը և ուզեց իր քեռայրեն ծածկել ստացած նամակը և իր տված որոշումները։

− Այս իրիկուն տխուր կերևաս կոր,− ըսավ վաճառականը։

− Ոչ տխուր, ոչ ալ ուրախ՝ այլ սովորականին պես եմ,− պատասխանեց քենին։

− Ես ընդհակառակը ուրախ եմ և շատ ուրախ։

− Դեմքեդ կերևա կոր…

− Պատճառը չե՞ս հարցներ։

− Ի՞նչ է տեսնենք պատճառը,− ըսավ բռնի ժպիտով մը։

− Էֆենտիմ, աղվոր-աղվոր լուրեր առի. նախ՝ մեծ հայր եղեր եմ, աղջիկս մանչ զավակ մը բերեր է։

− Օ, ուրեմն աչքդ լույս։

− Ասկե զատ, քույրդ ալ հինգշաբթի օր կուգա կոր։

− Ուրեմն դարձյալ աչքդ լույս։

− Այսպես, քանի մը օրեն ամուրիի կյանքս վերջ պիտի գտնե,− ըսավ վաճառականը, որ այս վերջին բառերը քիչ մը մելամաղձությամբ արտասանեց։

− Շիտակը այդ տված լուրերեդ ես ալ շատ ուրախացա… Ռոզիկը ի՞նչպես է եղեր, դյուրա՞վ բերեր է զավակը։

− Այո, շատ հանգիստ կերպով։

− Ալ հինգշաբթի իրիկուն անշուշտ մեզի կուգաս՝ քուրդ տեսնելու համար։

− Տեսնենք, եթե մինչև այն ատեն հոս ըլլամ,− պատասխանեց Երանիկ, անտարբեր ձայնով մը։

− Իրավ, մոռցա, որ Սամսոն կերթաս կոր… կարծեցի թե արդեն վազ անցար այդ խորհուրդեդ։